Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հեռանկարը շատ քաղաքական ուժերի, հատկապես՝ քաղաքական ընդդիմությանը ինչ որ առումով խանդավառել է, որ հնարավոր կլինի ընտրությունների միջոցով, կամ ինչպես ընդունված է ասել՝ «սահմանադրական ճանապարհով» հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Իրականում, սակայն, սա խորը մոլորություն է, որում այժմ գտնվում են ընդդիմադիրները։
Պատճառն այն չէ, որ Փաշինյանն էլի ունի 80 տոկոսանոց հանրային վստահության «կրեդիտ»։ Ոչ էլ այն, որ ընդդիմադիրներն են հասել 80 տոկոսանոց հանրային վստահության «կրեդիտի»։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային անցուդարձից, արտաքին քաղաքականությունից իր ողջ չիմացությամբ հանդերձ, այսօր հայտնվել է մի այնպիսի վիճակում, երբ համարվում է վարչապետության ամենաընդունելի թեկնածուն արտաքին խաղացողների եւ հատկապես՝ Ռուսաստանի համար։
Իհարկե, այնպես չէ, որ Մոսկվան հիմա 100 տոկոսանոց վստահություն ունի, սակայն ներկա փուլում Մոսկվայի՝ Հարավային Կովկասում ունեցած պլանների իրականացման շղթայում Հայաստանին վերաբերող մասը ոչ ոք այնքան լավ չի իրականացնի ընդդիմադիր դաշտում եղած ուժերից, որքան դա անում է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Ռուսաստանի համար առաջնային են իր շահերը։ Ու պատահական չէ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվացել է դեսպան Կոպիրկինը եւ աջ ու ձախ հանդիպումներ է ունենում կուսակցությունների հետ։ Ոչ էլ պատահական է այն, որ Ռուսաստանը, երբեմն, Հայաստանի հետ կապված հարցերում դանդաղկոտություն է ցուցաբերում, հարկ եղած դեպքում փորձում կորեկցիայի ենթարկել ընդդիմադիրներին ու սաստել։
Այն գործելաոճը, որով այժմ աշխատում է Ռուսաստանը Հայաստանում բավական հետաքրքիր է։ Այն նման է մկան հետ կատվի խաղի։ Իրականում, մի կողմից Մոսկվան պահում է Փաշինյանին իշխանության ղեկին Հայաստանում իր Հարավ-Կովկասյան պլաններն իրականացնելու շղթայում Հայաստանին վերաբերող մասը հարթ անցկացնելու համար, մյուս կողմից էլ չափավոր կերպով աջակցում է ընդդիմությանը, բայց այնպես, որ ընդդիմությունը վերջնական հաղթանակի չհասնի, բայց նաեւ Փաշինյանը մշտապես իր թիկունքում զգա ընդդիմության շունչը։ Արդյունքում՝ Փաշինյանը մնում է կախվածության մեջ, ընդդիմությունը՝ «ջրի երեսին»։ Այս մեթոդը կաշխատի նաեւ առաջիկա ընտրություններում։
Ըստ էության, կձեւավորվի «լաթակարկատ» կոալիցիա եւ Փաշինյանը կունենա այնքան պատգամավոր, որ եթե հանկարծ որոշի իր համար գծված հունից դուրս գալ, ապա նույնիսկ մեկ երկու պատգամավորի դուրս գալը կոալիցիայից կնշանակի իշխանության կորուստ նրա համար։ Սա ըստ էության, Հայաստանի համար գլոբալ առումով, որպես ապագայի տեսլական, կարող է լինել շատ ավելի վատը, քան ի դեպ, հանրապետականների կամ նախկինների ժամանակ էր, քանի որ բացարձակ իմաստով նշանակում է գործող իշխանության գրեթե ամբողջական կախվածություն Ռուսաստանից եւ հակակշիռների բացակայություն։



