
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանին և Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Կառավարությունն աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։
Ժան-Շառլ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։
Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումն ու ծառայությունների արդյունավետության բարձրացումը։
Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել երկխոսությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։