Այն ինչ տեսանք բոլորս՝ կապված 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների դիակների հանդեպ վերաբերմունքի հետ, բառացիորեն չի կարող տեղավորվել մարդկայնության ոչ մի չափանիշի մեջ։ Դա սահմռկեցնող էր ու կարկամեցնող։ Երբեւէ դժվար էր պատկերացնել, որ մարդը մարդու հանդեպ կարող է նմանատիպ վերաբերմունք ունենալ կամ որ դիակի հանդեպ կարող է նման անհարգալից վերաբերմունք լինել։ Նման բան թերեւս կարելի է տեսնել միայն ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների մասին պատմող փաստագրական կինոնկարներում։ Սակայն եթե ֆաշիզմը օրինակ Օսվենցիմի համար պատասխան տվել է Նյուրնբերգյան դատավարությամբ, ապա դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության անդամները երբեւէ պատասխան տալու են եւ ինչպես։
Ըստ էության սա Փաշինյանի դեմքն է, փաշինյանական իշխանության նկարագիրն է, նիկոլիզմի էությունն է։ Փաստորեն հենց այսպիսի դեմք, նկարագիր ու էություն ունեցողների համար է ժողովուրդը դուրս եկել փողոց 2018 թվականին քաղաքական փոփոխությունների պահանջով։ Իսկ շատերը կարծում էին, թե ամենից սարսափելի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի թուղթն էր։ Փաստորեն մղձավանջը դեռ շարունակվում է։
Իրականում հասարակությունը պետք է սրան ու ավելի վատ տեսարանների պատրաստ լիներ։ Ի վերջո՝ «պլյուս-մինուսով» աշխատող իշխանությունը այլ կերպ չէր կարող լինել։ Փաստորեն մարդը որպես կենդանի էակ Փաշինյանին պետք էր այնքան, որքան նա դեռ կարող է հանդես գալ որպես էլեկտորատ, ընտրող, իսկ եթե նա մահացած է, զոհված ապա թող ներվի ասել՝ կարելի էր նաեւ անպետք իրի նման դեն նետել։ Իսկ այս դեպքում որն է Փաշինյանի եւ Ալիեւի տարբերությունը։ Ըստ էության նրանց միջեւ տարբերություն չկա, քանի որ երկուսն էլ նույն ոչ մարդկային նկարագրի ու էության կրողն են՝ մի քիչ ավել մի քիչ պակաս։ Ու եթե Ալիեւի համար առեւտրի առարկա են մեր գերիները, ապա ինչի համար էր Փաշինյանը մեր զոհված զինվորականների աճյունները որպես պատանդ պահում այն էլ նման անմարդկային պայմաններում։
Պարզվեց, որ Ալիևից մեր գերիներին պահանջող Փաշինյանը ևս ութ ամսից ավել է ինչ գերի է պահում հայ զինվորների դիակները: Փաշինյանն էլ Ալիևի նման պահել է այդ դիակները, ելնելով քաղաքական հաշվարկներից, այլ բացատրություն այստեղ չկա: Բայց այստեղ ամենավատն է այն է, որ, ի տարբերություն Ալիևի, Փաշինյանը Հայաստանի փաստացի ղեկավարն է և ունի հազարավոր ընտրողներ: Սա աղետ է, որի ամբողջ էությունը դեռ չենք հասցրել գիտակցել:



