Փաշինյանի և Ալիևի գաղտնի պայմանավորվածություն...

Օրեր առաջ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում հունվարի 30-ին ՀՀ ԱԱԾ կողմից հայտնաբերված ու ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորականները հետ են վերադարձվել Բաքվին։ Նախ, հետաքրքրական է, որ այդ մասին հայտարարությունը արվում է Ռուսաստանի Պն կողմից, մինչդեռ Հայաստանն է, որ պետք է առաջինը հայտարարեր այս մասին։ Սակայն հետաքրքրական են նաեւ այլ հարցեր եւս սրա հետ կապված։ Ամիսներ շարունակ Հայաստանն ու ողջ Հայ ժողովուրդը ապրում է թերեւս միայն այն գաղափարով, թե երբ է հետ վերադարձնելու իր բոլոր գերիներին։

Ռազմագերիների վերադարձի հարցը առաջնային հարցն է, որը ապացուցում է այն, թե Հայաստանի գործող իշխանությունները որքանով են կենսունակ եւ ի վիճակի պաշտպանելու սեփական քաղաքացիներին։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն մեռած իշխանություն են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյական հեղինակություն ունեցող է, քանի որ մինչեւ այժմ նրան չի հաջողվել ինքնուրույնաբար որեւէ գերու հետ վերադարձնել։ Ավելին, նույնիսկ հունվարի 11-ի եռակողմ հանդիպմանն էլ գերիների հարցը այդպես էլ չկարողացավ դարձնել օրակարգային հարց եւ լուծում գտնել այդ հարցի առնչությամբ։

Հայաստանի իշխանությունների այս ողորմելի կեցվածքի ֆոնին բավական ուշագրավ է այն, որ ադրբեջանցի գերիները չափազանց մեծ օպերատիվությամբ են հետ վերադարձվում, Հայաստանում մնալով հաշված օրեր կամ նույնիսկ՝ հաշված ժամեր։ Այն դեպքում, երբ վերջին դեպքը, որի մասին վերեւում նշել ենք, Հայաստանի համար կարեւոր հաղթաթուղթ կարող էր դառնալ։ Բանն այն է, որ Բաքուն հայտարարում է, որ նոյեմբերի իննի հրադադարից հետո գերեվարվածները չեն համարվում ռազմագերիներ, այլ համարվում են պատերազմական հանցագործներ, ահաբեկիչներ, դիվերսանտներ։

Սա նշանակում է, որ հունվարի 30-ին Հայաստանի տարածքում ձերբակալված ադրբեջանցի զինվորականները համարվում են Ալիեւի տրամաբանությամբ՝ դիվերսանտներ, ահաբեկիչներ եւ պատերազմի հանցագործներ։ Նրանք կարող էին առեւտրի առարկա հանդիսանալ մեր գերիների փոխանակության հարցում, սակայն զարմանալիորեն գրեթե սուս ու փուս ուղարկվում են Բաքու ռուսների միջնորդությամբ եւ հայաստայան հանրությունն էլ ռուսական ռազմական գերատեսչության հայտարարությունից է իմանում, որ նման բան է եղել։

Որքան էլ չուզենանք դավադրապաշտությանը տուրք տալ, սակայն մի կողմից հայ ռազմագերիների հանդեպ Փաշինյանի իշխանության անպատասխանատու ու բարձիթողի վիճակը, մյուս կողմից ադրբեջանցի ռազմագերիների հանդեպ խնամարկու վերաբերմունքը ինչ որ բանի մասին է հուշում, որ գոնե մեր ռազմագերիների մասով կարծես թե Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ կա գաղտնի պայմանավորվածություն։ Սակայն ինչպիսի։

Չի բացառվում, իսկ հայաստանյան մամուլն այդ մասին գրեց, որ Փաշինյանը խնդրել է Ալիեւին, որպեսզի մեր ռազմագերիները կամ դրանց մի մասը վերադարձվեն Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին, որպեսզի կարողանա հանդես գալ ազատարարի կերպարով եւ գերիների հարցը քաղաքական սեփական շահերին կարողանա ծառայեցնել եւ ավելին, հայտարարել, որ եթե ինքն ընտրվի, ապա մյուսներին էլ կբերեն։ ԵՎ հենց սա կարող է լինել պատճառը, որ ադրբեջանցի գերիները շատ արագ վերադարձվում են, որպեսզի Ալիևը մեր գերիներին երկար պահելու հնարավորություն ունենա։

Սա մեզ համար շատ լուրջ մտահոգության առիթ է, քանի որ ռազմագերիներին հաստատ Բաքվում «Սոչի սանատորիայի» պայմաններով չեն պահում եւ նրանց կյանքն ու առողջությունը շատ ավելին արժե, քան պարտության սիմվոլի աթոռակռիվն ու քաղաքական կենսագրության երկարաձգումը։