
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն անհրաժեշտ է համարում լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել պաշտպանությանը: Այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։
Բայրուի խոսքով՝ Ֆրանսիային, դատելով ըստ ամենայնի, հարկավոր կլինի լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել 2026 թ. պաշտպանական բյուջեին՝ Ֆրանսիայի ու ԵՄ-ի «անվտանգության և պաշտպանության հարցերում անկախություն» ապահովելու համար:
Նա հավելել է, որ ԵՄ-ն պետք է կարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունն անդամ պետությունների համատեղ ջանքերի հաշվին։
Մարտի 5-ին ազգին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել էր պաշտպանության ոլորտում լրացուցիչ ներդրումների իր պլանները: Նա նշել էր, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին, բայց պետք է ամրապնդի իր անկախությունը։