Ճապոնիան «Keen Sword» զորավարժություններում ա...

Ճապոնական «Type-25» տեսակի նոր շարժական հրթիռները, որոնց հեռահարությունը հասնում է շուրջ 1000 կիլոմետրի, առաջին անգամ ցուցադրվելու են հոկտեմբերին կայանալիք «Keen Sword» ամերիկա-ճապոնական համատեղ զորավարժությունների ընթացքում։ Մանևրները, որոնց երկու կողմից կմասնակցի մի քանի տասնյակ հազար զինվորական, անցկացվելու են Ճապոնիայի տարբեր շրջաններում, հայտնում է «Kyodo» լրատվական գործակալությունը։

Զորավարժությունների հստակ ժամկետներն ու վայրերը, ինչպես սպասվում է, կհայտարարվեն ավելի ուշ։ Այս մանևրներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։

Ցամաքային բազավորման «Type-25» շարժական հրթիռներն առաջին անգամ մշտական տեղակայում են ստացել 2026 թվականի մարտին՝ Կյուսյու կղզու հարավ-արևմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայի «Կենգուն» ռազմաբազայում։ «Keen Sword» զորավարժությունների ընթացքում դրանք տեղափոխվելու են նույն շրջանի զորավարժարաններից մեկը։ Ամերիկացի և ճապոնացի զինվորականները կմշակեն նման սպառազինության նշանառման ու կիրառման համատեղ գործողությունները, սակայն հրթիռների մարտական արձակումներ չեն իրականացվի։

Պաշտոնապես դրանք համարվում են «հականավային» հրթիռներ, սակայն Տոկիոյում դրանք անվանում են հավանական հակառակորդի բազաներին «պատասխան հարված հասցնելու» միջոց։ Այս համատեքստում «Kyodo» գործակալությունը նշում է, որ Կյուսյու կղզուց «Type-12» հրթիռները հասնում են մինչև Չինաստանի ափամերձ շրջաններ։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ նման սպառազինության տեղակայման վայրերը նույնպես կարող են ռազմական հարվածների թիրախ դառնալ։