Պարագվայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադր...

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, օգոստոսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն:

Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսը նաև շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ մաղթելով, որ այն տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման սկիզբ հանդիսանա: