Պապուա Նոր Գվինեայում անկարգությունների ժաման...

Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաքում համատարած անկարգությունների ժամանակ առնվազն 10 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդել է Radio New Zealand- ը:

Ըստ աղբյուրի՝ չորեքշաբթի օրը Պորտ Մորսբիում անկարգություններ են տիրել տեղի ոստիկանության, զինվորականների և ուղղիչ սպաների կողմից կազմակերպված գործադուլի ֆոնին: Տասնյակ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ինչպես նշում է ռադիոն, «հարյուրավոր կողոպտիչներ, օգտվելով ոստիկանության ցույցից», դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ և սկսել թալանել ու հրկիզել խանութները։ Տեղի բնակիչների կողմից սոցցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ մարդկանց ամբոխը դատարկում է խանութներից այն ամենը, ինչ կարող էր՝ սկսած ալյուրի և բրնձի պարկերից մինչև սառնարաններ և սառցարաններ: Փողոցներում կարգուկանոն հաստատելու համար երկրի իշխանությունները Պորտ Մորսբի են ուղարկել այլ նահանգներից ոստիկաններ և զինվորականներ՝ խոստանալով նրանց թույլ տալ մարտական ​​զինամթերք օգտագործել կողոպտիչների դեմ։

Իրավապահները գործադուլ են հայտարարել «աշխատավարձից անբացատրելի պահումների» պատճառով։ Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն ավելի ուշ ասաց, որ պահումները առաջացել են կառավարության աշխատավարձային համակարգում անսարքության պատճառով և կփոխհատուցվեն հաջորդ ամիս: