NYT․ ԱՄՆ-ը Իրանից պահանջում է նոսրացնել միջու...

ԱՄՆ-ն Իրանից պահանջում է նոսրացնել միջուկային վառելիքը՝ հետագայում այն ուտիլիզացնելու կամ ամերիկյան ու այլ երկրների ատոմակայաններում օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով քննարկումներին տեղյակ պաշտոնյաներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը նշել էր, որ չեղարկել է Իրանին հարվածելու պլանները՝ հնարավոր համաձայնագրի պատճառով, որով նախատեսվում է բացել Հորմուզի նեղուցն ու կարգավորել միջուկային ծրագրի հարցը։ Ըստ պարբերականի՝ Իրանն ու Օմանը 60 օր ունեն նեղուցի բացման շուրջ համաձայնելու համար, ինչից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է վերսկսեն ուրանի պաշարների ճակատագրի շուրջ բանակցությունները։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ց ցանկանում է նոսրացնել վառելիքը, բացառել դրա ռազմական կիրառումը և դուրս բերել այն երկրից։

Այնուամենայնիվ, պարբերականի զրուցակիցները կարծում են, որ միջուկային բանակցությունները կձգձգվեն մինչև աշուն։ Ոմանք նույնիսկ թերահավատ են ուրանի շուրջ համաձայնության հարցում՝ ենթադրելով, որ Վաշինգտոնը պարզապես կհայտարարի, որ իրանական ուրանը կմնա 2025-ի հունիսին ռմբակոծված օբյեկտների փլատակներում։

Հուլիսի 8-ին Թրամփի այն հայտարարությունից հետո, թե հունիսի 18-ի զինադադարն այլևս ուժի մեջ չէ, ամերիկյան զինուժը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ պատճառաբանելով դա Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններով։

Ի պատասխան՝ Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին՝ Վաշինգտոնին մեղադրելով ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։