Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տարաձայնութ...

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես եկավ մամուլի ասուլիսով։  Ասուլիսի ընթացքում խոսեց ամենատարբեր հարցերի մասին։ Ի շարս շատ հարցերի նա խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին․ «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որեւէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է»,-ասաց Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանը ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, եւ եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց:

Առաջինը իհարկե զարմանալի էր Փաշինյանի նման վարքագիծը։ Անգամ փողոցային շներին է հայտնի, որ Հայաստանում հակառուսականություն, ռուսների նկատմամբ ատելություն քարոզում է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Ինքն է ամենատարբեր ամբիոններից, այդ թվում Ազգային Ժողովի ամբիոնից, բղավում Հայաստանի իբր գուբերնիա դառնալու դեմ։ Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ «Հայաստանը 100 տոկոսով կլիներ գուբերնիա», եթե ինքը չլիներ վարչապետ։ Անտեղյակներին ասենք, որ գուբերնիան Ռուսաստանում  վարչատարածքային միավորի տերմին էր։

Եթե անգամ մի կողմ թողնենք Փաշինյանի նախկին հայտարարությունները և դիտարկենք հնչեցրած հարցն ու պատասխանը, արդեն տարակուսանքի տեղիք է առաջանում։ «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի ընտանիքին, իսկ թերթի խմբագիրը իր կինն է՝ Աննա Հակոբյանը։ Հակառուսականություն չտարածելու դասեր Փաշինյանը կարող էր ոչ թե հրապարակային լրագրողին տալ, այլ իր կնոջը, հարցը տվող լրագրողի խմբագրին և տանը, կամ գոնե հեծանիվ վարելու ընթացքում։

 Ստացվում է Աննա Հակոբյանը հակառուսական հակումներ ունի, իսկ Փաշինյանը փորձում է սաստել նրան։ Եվ Փաշինյանի ու իր կնոջ տարաձայնություններն այնքան խորն են, որ դա արդեն հրապարակային դաշտ է դուրս եկել։ Այլ մեկնաբանություն դժվար է գտնել։