Նիգերում նոր վարչապետ և նախագահական գվարդիայի...

Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները ֆինանսների նախկին նախարար Ալի Մահաման Լամին Զեյնեին նոր վարչապետ են նշանակել․ հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

Նշվում է, որ Ալի Մահաման Լամին Զեյնեն Նիգերի ֆինանսների նախարարն էր 2002 թվականից մինչև մայոր Սալ Ջիբոյի կողմից արված հեղաշրջումը 2010 թվականին:

Նիգերիացի զինվորականները նաև նախագահական գվարդիայի նոր հրամանատար են նշանակել՝ փոխգնդապետ Հաբիբ Ասումանին:

Այս նշանակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը (ECOWAS) վերջնագիր ներկայացրեց բանակին՝ պահանջելով վերականգնել նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնը: ECOWAS-ում չեն բացառել ուժի կիրառումը, եթե այդ պահանջը չկատարվի:

Առայժմ նախագահ Բազումը հեղաշրջման օրվանից մեկուսացված է մնում իր մասնավոր նստավայրում։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի զինվորականները նախագահ Բազումին հեռացրել են իշխանությունից։ Երկրի նոր ղեկավար է հռչակվել բանակի գեներալ Աբդուրահման Տչիանին։

Օգոստոսի 7-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորիա Նուլանդն այցելել է Նիգեր և հանդիպել խռովարարների հետ։ Նա զինվորականներին կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով և վերադառնալ սահմանադրական կարգի։