Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն...

Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել հուլիսի 26-ին նախագահի պահակախմբի զինվորների իրականացրած հեղաշրջմանը՝ նշելով, որ իր համար առաջնայինը երկրում իրավիճակի ապակայունացումից խուսափելն է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Բանակի հրամանատարության հայտարարությունում նաև նշված է, որ հարկավոր է պաշտպանել նախագահ Մոհամեդ Բազումին և նրա ընտանիքին և խուսափել արյունալի առճակատումից։

Հեղաշրջման հարյուրավոր աջակիցներ հավաքվել են մայրաքաղաք Նիամեյում Ազգային ժողովի շենքի առաջ։

Reuters-ը նշում է, որ 2020 թ․-ից ի վեր սա Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում արդեն 7-րդ հեղաշրջումն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Նիգերի զինվորականները պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են հեղաշրջման, բոլոր հաստատությունների աշխատանքի դադարեցման և երկրի սահմանները փակելու մասին։ Մինչ այդ հաղորդվում էր, որ Նիգերի նախագահ Բազումը հուլիսի 26-ի առավոտից պահվում է նախագահական պալատում։