Նիդերլանդների խորհրդարանը բանաձև ընդունեց Լաչ...

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև ընդունեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այս մասին հայտնում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան:

Խորհրդարանը հայցում է կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհ է, որ այսօր Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։

Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։

Բանաձևը դիմում է կառավարությանը հետաքննել հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով բարձրացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն` մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը և ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը` միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականության։ Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության: