Հայկական արտադրանքի համար Ինդոնեզիայի շուկա մ...

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Սեպտեմբերի 14-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է համաձայնագրի վավերացման հարցը։

Ստորագրմանը նախորդել է շուրջ երեք տարի տևած բանակցային գործընթաց։ 2025 թվականի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են ԵԱՏՄ միասնական բանակցային թիմի աշխատանքներին, Հայաստանի համար առանցքային ուղղություններից մեկը եղել է սակագնային պարտավորությունների փաթեթի ձեւավորումը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ու հավելել, որ մեր երկրի արտահանման հետաքրքությունները բավարարվել են ինչպես ապրանքային անվանացանկի, այնպես էլ առևտրային ծածկույթի մասով։

Համաձայնագրով Ինդոնեզիան ԵԱՏՄ ապրանքների համար արտոնյալ հասանելիություն է ապահովում շուրջ 90 տոկոսի նկատմամբ՝ անվանացանկի տեսանկյունից և շուրջ 94 տոկոս՝ առևտրի ծածկույթի տեսանկյունից։ ԵԱՏՄ երկրներն Ինդոնեզիային հասանելիություն են ապահովում անվանացանկի տեսանկյունից 90 տոկոսով և առևտրի՝ շուրջ 95 տոկոսի նկատմամբ։

Համաձայնագրի անբաժանելի մաս են նաև կից ցանկերը, որոնցում ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:

Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են, մասնավորապես՝ հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 0 տոկոս), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 0 տոկոս), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 0 տոկոս), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50 տոկոսով) և այլն։

Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով և ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 0 տոկոս կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0 տոկոս), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 0 տոկոս կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3-ից 15 տարվա ընթացքում մինչև 0 տոկոս), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5-ից 15 տարվա ընթացքում մինչև 0 տոկոս) և այլն։

Համաձայնագրի շրջանակում հայկական արտադրանքի համար ինդոնեզական շուկա մուտք գործելու համար կձևավորվեն առավել բարենպաստ պայմաններ։

Փոխնախարարի խոսքով Հայաստանից արտահանման ծավալն Ինդոնեզիա փոքր է։ Նա նկատել է, որ մաքսատուրքի նվազեցում ստացած ապրանքատեսակների մասով ներուժը գնահատվում է 450 մլն դոլարի չափով։ Տիգրան Գալստյանի գնահատմամբ համաձայնագրի կիրառումը չի նշանակում արտահանման աճ, բայց բավարար քայլ է, որին պետք է հաջորդեն համապատասխան քայլեր։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Հարցուպատասխանի և ելույթների ձևաչափում պատգամավորներն ընդհանուր առմամբ կարևորել են համաձայնագրի վավերացումը՝ միտված տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Համաձայնագրի վավերացման հարցն արժանացել է խորհրդարանի հավանությանը։