Սեուտայի ճգնաժամից հետո սպասվում է, որ Եվրոհանձնաժողովն ավելի կխստացնի միգրացիոն քաղաքականությունը։ Խոշոր փոփոխություններ կարող են ընդունվել առաջիկա ամիսներին, իսկ դրանց մասին, հնարավոր է, Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարի հենց այս շաբաթ՝ Եվրամիության վիճակի վերաբերյալ իր տարեկան ելույթում։
Թեև 2023 թվականից ի վեր ԵՄ-ում նվազել են թե՛ սահմանն ապօրինի հատելու դեպքերը, թե՛ ապաստանի հայցերը, այնուամենայնիվ, այժմ քննարկվում է արտաքին սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և ապօրինի միգրանտների հետ ուղարկելու պրոցեսն ընդլայնելու երեք նոր տարբերակ։ Այս մասին Euronews-ին հայտնել են ԵՄ մի քանի պաշտոնյաներ, դիվանագետներ ու Եվրախորհրդարանի պատգամավորներ։
«Այս ամռան կադրերն իսկապես ցնցել են եվրոպացիներին»,— ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։— «Անկասկած, միգրացիայի հարցում վճռական քայլերի մասին հայտարարելու ժամանակն է»։
Այս տարբերակները միմյանց չեն բացառում, ուստի ֆոն դեր Լայենը կարող է միանգամից մի քանիսն առաջ մղել։
Քննարկվող ամենակտրուկ առաջարկը վերաբերում է ապաստան տրամադրելու կանոնների ժամանակավոր կասեցմանը՝ միգրանտների հանկարծակի ու զանգվածային ներհոսքի դեպքերում։
Սա կնշանակի, որ ԵՄ երկրներն այլևս պարտավոր չեն լինի քննարկել Սեուտայի իրադարձությունների նման պայմաններում ապօրինի մուտք գործած անձանց դիմումները։
«Նման գաղափարն իսկապես քննարկվում է, և դա արմատական փոփոխություն կլինի»,— Euronews-ին ասել է ԵՄ մեկ այլ ներկայացուցիչ։
Գործող կարգի համաձայն՝ ԵՄ որևէ երկրում գտնվող ցանկացած օտարերկրացի իրավունք ունի ապաստան հայցել՝ անկախ նրանից, թե ինչպես է հասել Եվրոպա, իսկ նրա դիմումը քննվում է առանձին-առանձին։
Այս փոփոխության օգտին են հանդես գալիս ԵՄ այն անդամ պետությունները, որոնք վերջին տարիներին արդեն իսկ նմանատիպ քայլեր են ձեռնարկել։



