Նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել...

Ընթացիկ տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 տոկոս տնտեսական աճ. Նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17,5 տոկոսով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9,6 տոկոսի: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելին կլինի 47 տոկոսով, հատկացումները կհասնեն 90,8 մլրդ դրամի։

Ըստ Քերոբյանի՝ 2023-ին Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի: «Ակնկալվում է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 110 տոկոս, իսկ 2023 թ․ ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54,5 տոկոս ցուցանիշով»:

Վահան Քերոբյանը հանգամանալի անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերին, ներդրումների, արդյունաբերական քաղաքականության, որակի ենթակառուցվածքների, արտահանման, ռազմավարական ոլորտներում,  ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։ ՓՄՁ-ների զարգացման առումով նախարարը մատնանշեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված  4 հիմնական միջամտությունները՝ գիտություն և ՓՄՁ կապի խրախուսում, կրթություն-ՓՄՁ կապի խրախուսում, պետություն-մասնավոր երկխոսություն, ֆինանսների հասանելիություն։

Ընթացիկ տարում արտահանման խթանման և ձեռներեցության զարգացման բյուջեն կազմել է մոտ 10 մլրդ դրամ, իսկ 2024-ին այդ թիվը կրկնապատկվելու է՝ հասնելով 21 մլրդ դրամի։ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, 3 հիմնական միջամտություններ են նախատեսված՝ տեխնոլոգիական արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում և թվային գործիքների կիրառման խթանում։ Ներդրումների ներգրավման ծրագրով նախատեսվում է 21 միջոցառում, բարեփոխումների ուղղությունները երեքն են` ներդրումային քաղաքականություն, ներդրումային արտոնություններ, ինստիտուցիոնալ կառուցվածք: