Մոսկվան հույս ունի շարունակել շփումները Հունգ...

Մոսկվան հույս ունի շարունակել շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մեր բավականին պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի օրը։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ձայների 98,9%-ի մշակումից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը զգալիորեն առաջ է անցնում Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից։ Հանձնաժողովի փոխանցմամբ՝ «Տիսան» կստանա 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Ֆիդեսը» կստանա 55 տեղ։