
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները.
«Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ:
Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։
«Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։
Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։
«Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։
Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։
Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։
Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։
Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»»: