Եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները...

Եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Մենք երեկվանից հասարակությանը շոկահարել ենք 2 դպրոցահասակ աշակերտների ձերբակալությամբ, դեպքը տեղի է ունեցել Սուրբ Աննայի բակում՝ պայմանավորված Փաշինյանի չհայտարարված այցով: Տղաները այս պահին ձերբակալման վայրում են՝ ձերբակալվածի կարգավիճակով, մեղադրանք դեռևս առաջադրված չէ: Դավիթ Մինասյանի մասով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կարծում եմ՝ կապված էր այն հանգամանքի հետ, որ Դավիթ Մինասյանին, ինչպես երևում է տեսագրություններում, հարվածել են»,- նշել է նա:

Հարցին, թե ո՞վ է եղել հարվածողը, փաստաբանը պատասխանել է, որ այս պահին դեռ հստակ չգիտեն:

«Գործի մանրամասների հետ կապված այս պահին որևէ պարզաբանում չունենք, մեր խնդիրը երեխաների առողջական վիճակն է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագը դեռ չէր ավարտվել ու Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների և մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ եկեղեցուց, մի երիտասարդ փորձեց հարվածել նրան: Միջադեպից հետո վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը և երկու այլ անձ ձերբակալվեցին: