ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ացելել են եկեղեցուց հ...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, որևէ իրավունքի իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով և այլն։

Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը: Այս առումով Պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին` քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող, ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։