Մինսկի խմբի համանախագահությունը ի՞նչ դերակատա...

Հանգստյան օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, կապված Ղարաբաղյան կարգավորման հետ։ Այն չի կարելի համարել ինչ որ առանձնահատուկ բան, քանի որ ըստ էության ամփոփում էր ՄԱԿ 76-րդ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ըստ հայտարարության, համանախագահները նախ հանդիպել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ առանձին-առանձին, իսկ հետո արդեն համատեղ են հանդիպել նրանց հետ։ Բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Հանդիպումներ են եղել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի դի Կարլոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։

Ուշագրավ է այն, որ երկու երկրների ԱԳ նախարարությունները ուշադրություն են դարձրել այն բանին, որ երկու նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված ուղիղ երկխոսության վերականգնման առնչությամբ, որը միտված է եղել ապահովել անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը ռեգիոնում։

Բաց է մնում այն հարցը, թե ինչպիսի պայմանների դեպքում է հնարավոր, որ Մինսկի խումբը վերսկսի իր միջնորդական առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Պարզ է, որ Արարատ Միրզոյանի եւ Ջեյխուն Բայրամովի հանդիպումն ու բանակցությունները տեղի չէին ունենա, եթե կողմերը չհամաձայնեին վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը իր նախկին ֆորմատով։ Սա պարզ ցույց է տալիս, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումը 44-օրյա պատերազմից հետո սկսում է արդեն ավելի գործնական տեսք ստանալ։ Ակնհայտ է նաեւ, որ միջազգային միջնորդները կոչ են անում հանել բոլոր տեսակի հումանիտար հասանելիության հետ կապված արգելքները, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ կատարել այն հանձնառությունները, որոնք ստանձնել են համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման մասին հայտարարությամբ։

Այստեղ խնդիրը կարծես թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի բանակցությունների մեկնարկի մասին է։ Ու արդեն այս համատեքստում, թերեւս հնարավոր է, որ ՄԽ-ն գործարկի համապատասխան գործընթացներ, որոնք կապված են արտաքին խաղացողների գործադրած ջանքերի հետ, եւ առաջին հերթին՝ ՄԽ եռանախագահող երկրների, հատկապես, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանն է, մասնավորապես, առաջին պլանում հանդես գալիս խաղաղության գործընթացի եւ նաեւ Մոսկվան է, որ ունեցել է վճռական ազդեցություն հրադադարում եւ հենց Մոսկվայում էր, որ 2021-ի հունվարին նախանշվեց հակամարտության գոտում տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգնման պլանը։