Սպիտակ տան կողմից մայիսի 1-ին հրապարակված գործադիր հրամանագիրը խորապես ցնցեց Կուբան։ Միացյալ Նահանգները որոշեցին ավելի ամուր սեղմել այն տնտեսության պարանոցին գցված օղակը, որը նոր պատժամիջոցների՝ անցած ուրբաթ ուժի մեջ մտնելուց և այս տարվա սկզբին սկսված նավթային շրջափակումից դեռ առաջ արդեն վերակենդանացման բաժանմունքում էր։ Վաշինգտոնի սպառնալիքը՝ ԱՄՆ տարածքում սառեցնել ցանկացած օտարերկրյա ընկերության կամ ֆիզիկական անձի ակտիվները, որոնք բիզնես են վարում կուբայական ռեժիմի հետ, հատկապես՝ Gaesa ռազմական կոնգլոմերատի ձեռնարկությունների ծավալուն պորտֆելի հետ, որը վերահսկում է Կուբայի ՀՆԱ-ի կեսը, արդեն տվել է առաջին արդյունքները։ Եվ օտարերկրյա ընկերությունների հեռանալուց հետո հաջորդ տրամաբանական քայլը, ըստ ամենայնի, կլինի դրանց փոխարինումը ամերիկյան ընկերություններով, գրում է El Pais-ը։
Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում իսպանական երկու խոշոր հյուրանոցային ցանցեր (Meliá և Iberostar) ստիպված եղան հրաժարվել իրենց գործունեության մի մասից՝ համապատասխանաբար 15 և 12 հյուրանոցների կառավարումը վերադարձնելով Կուբայի զինված ուժերի վերահսկողությանը։ Սակայն այս հարկադրված հեռանալը նրանց չի ազատի կուբայական կառավարության կողմից ներկայացվելիք դատական հայցերից, որը կպահանջի փոխհատուցում կառավարման պայմանագրերի միակողմանի խզման համար։
Կանադական Blue Diamond-ը և ինդոնեզական Archipelago International-ը նույնպես ամբողջությամբ դադարեցրին իրենց բիզնեսը կղզում, իսկ CMA CGM (Ֆրանսիա) և Hapag-Lloyd (Գերմանիա) նավագնացական գծերը նախընտրեցին դադարեցնել կոնտեյներային փոխադրումները։ Հեռանալը հարվածեց ոչ միայն զբոսաշրջությանը՝ կուբայական տնտեսության գլխավոր հենասյանը։ Հարված է հասցվել նաև հանքարդյունաբերությանը, որի բաժին է ընկնում ապրանքների արտահանման մեկ երրորդը։ Կանադական Sherritt International ընկերությունը, որը կղզու կառավարության հետ համատեղ ձեռնարկություն ուներ, հայտարարեց ոչ պարտադիր համաձայնագրի կնքման մասին, ըստ որի՝ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականի հետ կապված Gillon Capital ընկերությունը ձեռք կբերի դրա բաժնեմասի 55%-ը։
Կուբայական կառավարությանն մոտ բիզնես աղբյուրները EL PAÍS-ի հետ զրույցում այսպես ամփոփել են ամերիկյան պատժամիջոցների իրական նպատակը, ինչպես իրենք են կարծում. «Նրանք պարզապես ուզում են իրենց ձեռքը գցել «գալյեգոսների» բիզնեսի վրա» [Կուբայում իսպանացի ներգաղթյալների պատմական անվանումը]։
Առաջին հավակնորդները՝ Marriott և Airbnb
Վերադարձի առաջին թեկնածուները կարող են լինել Marriott-ը՝ աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ընկերությունը, որն ունի 7 781 հյուրանոց, և Airbnb-ն՝ կարճաժամկետ վարձակալության խոշորագույն հարթակը՝ ինը միլիոն հայտարարությամբ։ Երկու հսկաներն էլ արդեն աշխատել են Կուբայում՝ հատուկ լիցենզիաների հիման վրա, որոնք ԱՄՆ կառավարությունը տրամադրել էր Բարաք Օբամայի երկրորդ ժամկետի ընթացքում՝ այսպես կոչված «կուբայական ջերմացման» շրջանակում։ Նրանք երբեք չեն թաքցրել կղզում իրենց ներկայությունն ընդլայնելու հետաքրքրությունը։ 2016-ից 2020 թվականներին Marriott-ը կառավարում էր Four Points by Sheraton Havana հյուրանոցը՝ դառնալով Կուբայում միակ ամերիկյան օպերատորը։ Marriott-ի հանգուցյալ գլխավոր տնօրեն Արն Սորենսոնը այն բիզնես առաջնորդների թվում էր, որոնք ուղեկցում էին նախագահ Օբամային 2016 թվականի մարտի 16-ի պատմական չվերթի ընթացքում, որը խորհրդանշեց այդ նոր դարաշրջանի սկիզբը։
Airbnb-ն, իր հերթին, մուտք գործեց կուբայական շուկա 2015 թվականի ապրիլին ընդամենը 1 000 հայտարարությամբ և խիստ սահմանափակմամբ. ընդունել կարելի էր միայն ԱՄՆ-ից զբոսաշրջիկների։ Արդեն առաջին տարում հարթակը ներգրավեց 13 000 ճանապարհորդի, իսկ 2019 թվականին, օտարերկրյա հյուրեր ընդունելու բացառիկ թույլտվություն ստանալուց հետո, հայտարարությունների թիվը հասավ 35 000-ի։ Հետագայում ցուցանիշները կտրուկ անկում ապրեցին տնտեսական ճգնաժամերի շարքի և համավարակի պատճառով՝ չնայած Ջո Բայդենի վարչակազմի հաստատած մեղմացումներին։ Վերջնական հարվածը հասցրեց ԱՄՆ Պետքարտուղարության 2025 թվականի հունվարի 31-ի կարգադրությունը, որը փակեց Կուբայի մուտքը միջազգային բանկային համակարգ և ստիպեց վարձատուներին արտասահմանում վճարումների այլընտրանքային ուղիներ որոնել, ինչը փաստացի կաթվածահար արեց բիզնեսը։
Կործանարար հեռանկարներ Հավանայի համար
Այս առաջին քայլերի և դրանց հաջորդած միջոցների արդյունքում ձևավորվող պատկերը լավագույն դեպքում աղետալի է թվում։ Ինչպես ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) գիտաշխատող և ԱՄՆ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյա (2020–2024 թթ.) Մաքս Մեյզլիշը, Հավանան բախվել է աննախադեպ ճնշման։
«Վաշինգտոնի ճնշումն ուղղված է նրան, որ վերջնականապես կարիբյան այս պետությունը վերածի ֆինանսական պարիայի, որը լիովին կտրված է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից։ Հենց հիմա մենք տեսնում ենք, որ առաջին անգամ հարվածի տակ են հայտնվել կուբայական տնտեսության բացարձակապես բոլոր ռազմավարական ոլորտները, որոնք առնչության կետեր ունեն օտարերկրյա կապիտալի հետ», — Zoom-ով տված հարցազրույցում նշում է փորձագետը։
Այս տնտեսական գրոհը Կուբային վրա հասավ ծայրահեղ խոցելիության պահին։ Վերջին տարիներին կղզու կառավարությունը իրականացնում է կոշտ խնայողության ծրագիր, որը ներառում է պետական ծախսերի կրճատում, բյուրոկրատական ապարատի կրճատում, սուբսիդիաների նվազեցում և հիմնական կոմունալ ծառայությունների սակագների աննախադեպ բարձրացում՝ տնտեսության մասնակի դոլարայնացման ֆոնին (երկրում գործում է մինչև երեք տարբեր փոխարժեք)։ Որպես արտակարգ միջոց՝ ռեժիմն անցել է բյուջեի ամսական պլանավորման՝ ելնելով բացառապես ընթացիկ եկամուտներից։ Իրավիճակն ավելի է բարդացնում հովհարային էլեկտրաէներգիայի անջատումները, որոնք խոշոր շրջաններում անընդմեջ գերազանցում են 24 ժամը։
«Սա արդեն ավելի վատ է, քան ռազմական տնտեսությունը», — հեռախոսազրույցում արձանագրում է կուբացի տնտեսագետ Օմար Էվեռլենի Պերեսը։
Պլանավորման սխալները և Gaesa-ի գործոնը
Այլ փորձագետներ մատնանշում են Հավանայի երկու փոխկապակցված համակարգային սխալները՝ լիակատար խաղադրույքը զբոսաշրջության վրա և լիակատար ազատության տրամադրումը զինվորականներին Gaesa կոնգլոմերատի միջոցով, ինչը թույլ տվեց հսկայական տնտեսական իշխանություն կենտրոնացնել այն հաշիվների վրա, որոնք պետական մարմիններն անգամ չեն կարող աուդիտ անել։
2016 թվականին ռազմական հոլդինգը, որը այժմ դարձել է Թրամփի գլխավոր թիրախը, Օբամայի հետ «ջերմացման» ալիքի ֆոնին սկսեց հավակնոտ շինարարական ծրագիր՝ հույս ունենալով մինչև 2030 թվականը հյուրանոցային ֆոնդը հասցնել 100 000 համարի։ «Մենք չենք կարող սպասել շրջափակման [ԱՄՆ տնտեսական էմբարգոյի] ավարտին, որպեսզի սկսենք հյուրանոցներ կառուցել», — այդ ժամանակ արդարացնում էր այս քայլերը նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Պերեսի կարծիքով՝ այս տնտեսական սխալ հաշվարկները վերջիվերջո ավելի ամուր սեղմեցին երկրի պարանոցի օղակը։ Ավելի պարզ ասած՝ Հավանան ինքն է հեշտացրել Վաշինգտոնի առաջադրանքը՝ խեղդելու կղզին։
Գլխավոր ինտրիգը, ըստ Մաքս Մեյզլիշի, այն է, որ նոր գործադիր հրամանագիրը Թրամփի վարչակազմին լայն հնարավորություն է թողնում տնտեսական ճնշումն էլ ավելի ուժեղացնելու համար։ Հնարավոր հաջորդ քայլերի թվում է միջազգային բանկերին հարկադրելը՝ ամբողջությամբ սառեցնելու կուբայական կառավարության և դրա ռազմական ղեկավարության հետ կապված ցանկացած կառույցի միջոցները։
«Ցանկացած միջազգային բանկից, որը կցանկանա հետևել այս գործադիր հրամանագրի պայմաններին, ես կսպասեի նման կազմակերպությունների հաշիվների ամբողջական արգելափակում։ Նրանց պետք է ծուղակի մեջ գցել։ Պետք է այնպես անել, որ այդ միջոցները տեղափոխվեն այնտեղ, որտեղ դրանք բացարձակապես անհասանելի կլինեն ռեժիմի համար», — ամփոփում է ԱՄՆ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան։



