Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությու...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները նոր փուլ են թևակոխել։ Այս մասին նա գրել է հունիսի 10-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հղված շնորհակալական հեռագրում։

«Գոհ եմ այցի հաջող ընթացքից։ Չին-կորեական հարաբերություններն արդեն իսկ թևակոխել են պատմական նոր փուլ», — մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ) հեռագրի տեքստը։

Հեռագրում նշվում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք նոր բովանդակություն են հաղորդել Չինաստանի և Կորեայի հարաբերություններին։ Դրանք նաև փաստել են ավանդական բարեկամությունն ամրապնդելու, համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու, ինչպես նաև թե՛ տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում խաղաղություն ու կայունություն ապահովելու երկու կողմերի վճռականությունը։

Սի Ծինփինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին, ինչպես նաև ԿԺԴՀ կուսակցությանը, կառավարությանն ու ժողովրդին՝ չինական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Չինաստանի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ առիթ կունենա կրկին հանդիպելու Կիմ Չեն Ընին, և մաղթել է երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդում։