2024 թվականի հունվարի դրությամբ աշխարհի բնակչությունը 8,09 միլիարդ է։ Մինչև 1970-ական թվականները աշխարհի բնակչությունն աճում էր հիպերբոլիկ օրենքի համաձայն, իսկ 1988 թվականից ի վեր աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Եվ այնուհանդերձ, բացարձակ թվով բնակչությունը սրընթաց աճում է։ Սակայն, ՄԱԿ-ի տվյալներով, 1994-ից 2014 թվականներին 60-ից բարձր մարդկանց թիվը կրկնապատկվել է. աշխարհում ավելի շատ տարեցներ կան, քան հինգ տարեկանից ցածր երեխաներ:
Մաքս Պլանկի Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի (Գերմանիա), Բուենոս Այրեսի (Արգենտինա) և Ամստերդամի համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականները հետազոտություն են անցկացրել, որտեղ նրանք հետևել են ազգակցական կապերի էվոլյուցիան ամբողջ աշխարհում, հայտնում է Naked Science-ը։
Գիտնականներն ակնկալում են, որ ողջ աշխարհում շատ մարդկանց շրջանում կենդանի հարազատների թիվը կտրուկ կնվազի:
Այսպիսով, եթե միջինը 65-ամյա կինը 1950-ին կարող էր ակնկալել ունենալ 41 կենդանի ազգական, 2095-ին նույն տարիքի կինը կանխատեսվում է, որ կունենա ընդամենը 25 այդպիսի հարազատ:
Սա նշանակում է, որ կենդանի հարազատների թիվը կնվազի 38 տոկոսով։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, որտեղ ընտանիքները դեռ կարելի է փոքր անվանել, փոփոխություններն ավելի քիչ նկատելի կլինեն։ Այնտեղ 1950 թվականին 65 տարեկան կինը մոտ 25 կենդանի ազգական ուներ, իսկ մինչև 2095 թվականը նույն կինը կունենա ընդամենը 15,9 հարազատ։
Փոփոխվելու է նաև ընտանիքի կազմը՝ կենդանի տատիկների ու պապիկների թիվը նկատելիորեն կավելանա, իսկ զարմիկների, եղբորորդիների և թոռների թիվը՝ կնվազի։



