Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու ռո...

Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու աշխատանքում Ռուսաստանին և Չինաստանին է միացել տասներեք երկիր, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ից: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Բականովը։

«Չինաստանի հետ մեր ընդհանուր նախաձեռնությունը Միջազգային գիտական ​​լուսնակայան ստեղծելու գործում ակտիվորեն զարգանում է։ Դրան արդեն միացել է 13 երկիր (Բելառուս, Պակիստան, Ադրբեջան, Վենեսուելա, ՀԱՀ, Եգիպտոս, Թաիլանդ, Սերբիա, Նիկարագուա, Սենեգալ, Ջիբութի, Եթովպիա, Բոլիվիա), այդ թվում՝ գործընկերներ ԲՐԻԿՍ-ից (Եգիպտոս, Եթովպիա, ՀԱՀ)», - Բականովն ասել է ԲՐԻԿՍ-ի երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը եզակի գիտական ​​դպրոցներ ունի Վեներայի, Լուսնի և Մարսի ուսումնասիրության բնագավառում։ Ռուսաստանի տեխնոլոգիական նվաճումները հեռավոր տիեզերքի ուսումնասիրման բնագավառում կարող են բազա դառնալ ԲՐԻԿՍ-ի միջազգային ծրագրերի համար, ընդգծել է Բականովը։

Նա հիշեցրել է, որ Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄԷ-ի տիեզերական ապարատները հասել են Մարս, այս երկրները նույնպես փորձ ունեն Լուսնի հետազոտության հարցում։ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարը հույս է հայտնել, որ նման ծրագրերի թիվը կավելանա, և դրանց համատեղ իրականացումը կդառնա գիտական ​​տեսանկյունից բազմապատիկ ավելի արդյունավետ և ազգային բյուջեների համար ավելի օպտիմալ։

Բացի այդ, նա կոչ է արել համագործակցել տիեզերական և դրան կից ճյուղերում կադրային ներուժի պատրաստման ու համատեղ ուսանողական ծրագրերի զարգացման բնագավառում։ Բականովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի համալսարաններում ուսուցում է անցնում ԲՐԻԿՍ-ի երկրներից ավելի քան 85 000 ուսանող, որոնց կեսից ավելին Չինաստանից և Հնդկաստանից են։