
Օրերս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, իշխանական խմբակցության երկարամյա պատգամավոր և փեսա Միքայել Մինասյանի թիմակից ու ընկեր Սամվել Ֆարմանյանը եթերներից մեկում դժգոհում էր, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, բայց յոթ տարի է՝ չի բռնում ու չի պատժում իրենց իշխանության տարիների մարդասպաններին ու թալանչիներին։ Ֆարմանյանն առավել հեռու էր գնացել ու պնդել էր, թե իրենց թալանչիները հիմա դարձել են Նիկոլ Փաշինյանի թալանչիները։
Ինչ խոսք, սա Հայաստանի քաղաքական իրականության խեղված լինելու ևս մեկ վկայություն է։ Նիկոլ Փաշինյանը, հասկացանք` բան չի անում ու դա ակնհայտ է։ Բայց բա այդ դեպքում դուք ի՞նչ էիք անում։ Ինչո՞ւ էիք բուծել այդ թալանչիներին։ Ավելին՝ ինչո՞ւ է ստեղծվում տպավորություն, որ փեսա Միշիկի թիմակցի համար թալանչի են բոլոր նրանք, ովքեր իրենց թիմից չէին։ Այսպես ասած՝ հին գվարդիայի թալանչիները կամ Սերժ Սարգսյանի շրջապատը՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Խաչատրյան, Ջերմուկի Աշոտ, Շմայս, Բուռնաշ և այլք։
Իսկ իրականությունն այն է, որ նրանցից պակաս չէ փեսա Միշիկը։ Թալանչիների դեմ ջիհադ հայտարարած Ֆարմանյանը երևի չի նկատել, որ նախորդ տարի իր ընկեր Միքայել Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Միքայել Մինասյանն անցնում է 76 դրվագով։ Ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու, կաշառք տալու, հակամրցակցային գործունեության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։
Ենթադրյալ հանցագործությամբ պետությանը պատճառվել է 350 մլն դոլարի վնաս։
Մինասյանի անվան հետ կապված միայն հայաստանյան կապիտալի արժեքը գերազանցում է 350 մլն դոլարը։ Որտեղի՞ց Միքայել Մինասյանին նման միջոցներ։ Ե՞րբ է հասցրել նա կուտակել նման կապիտալ։ Ում համար է գաղտնիք, որ նա այդ ամենը ձեռք է գցել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։
Այո, ի տարբերություն Սերժ Սարգսյանի իշխանության մյուս առերևույթ թալանչիների՝ Միքայել Մինասյանը հրապարակային չի հայհոյում, Շմայսի պես չի խոստանում մարդկանց բռնաբարել, Թոխմախի Մհերի պես «չանա ծռելու» սպառնալիք չի հնչեցնում, Լիսկայի պես իր տան մոտ մարդ չի սպանում, բայց իր հասցրած վնասով պակաս Լիսկա, Շմայս ու Թոխմախի Մհեր չէ։
Այո, Ֆարմանյանի մտահոգությունները տեղին են, որ Նիկոլ Փաշինյանը չի պատժել թալանչիներին։ Բայց այդ մտահոգությունները անկեղծ կլինեին, եթե առաջինը տար իր ընկեր Միքայել Մինասյանի անունը։