ՆԱՏՕ-ն կհամակարգի զենքի մատակարարումներն Ուկր...

ՆԱՏՕ-ն սկսել է համակարգել Ուկրաինային զենքի կանոնավոր ու լայնամասշտաբ մատակարարումները: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

«Մատակարարումներն օպերատիվ կերպով կպատրաստվեն և կուղարկվեն կանոնավոր հիմունքներով», - գործակալությունը մեջբերում է դաշինքի հայտարարությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ն սկսել է Ուկրաինային զենքի խոշոր խմբաքանակների կանոնավոր մատակարարումների համակարգմամբ զբաղվել այն բանից հետո, երբ Նիդեռլանդները հայտարարել է, որ Կիևին կտրամադրի 500 միլիոն եվրոյի հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք և այլ ռազմական օգնություն, որի մեծ մասը գնվել է ԱՄՆ-ում։

Օգոստոսին սպասվում է երկու մատակարարում։ Գործակալությունը նշում է, որ մատակարարվող սարքավորումների տեսակները որոշվում են մարտի դաշտում Ուկրաինայի առաջնահերթ կարիքներով, որից հետո ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները գտնում են զենքն ու զինամթերքը և ուղարկում դրանք. առավել պահանջված են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Գործակալությունը հղում է անում Քիլի ինստիտուտին, որի հաշվարկներով՝ հունիսի դրությամբ եվրոպական երկրները 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինային տրամադրել են 72 միլիարդ եվրոյի (83 միլիարդ դոլար) ռազմական օգնություն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցուցաբերել է 65 միլիարդ դոլարի օգնություն։