Միակ տարբերակը տեսահսկելն է այն անձանց, ովքեր...

«Որոշել ենք շատ մոտ ապագայում ունենալ այնպիսի խցեր, որորոնք կտեսահսկվեն, որովհետև եկել ենք այն համոզման, որ նմանատիպ վարքը կանխելու միակ տարբերակը տեսահսկելն է այն անձանց, ովքեր ունեն հակվածություն ինքնավնասման»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով այն մասին, որ օրերս քրեակատարողական հիմնարկներից մեկում ինքնավնասման հերթական դեպքն է արձանագրվել։

«Դեռ կարիք ունենք հավասարակշռելու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը և կյանքի իրավունքը, որպեսզի ճիշտ հասկանանք, թե որ պահից պետք է անձանց տեղափոխենք համապատասխան խցեր։ Բացի այդ, առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ ենք շարունակական քննարկումներ ունենում։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հաշվառումը գրեթե ավարտվել է։ 825 Ն որոշման մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ, որպեսզի մենք նորից անդրադառնանք տվյալ անձանց պատժի կրման համաչափությանը, և եթե հիմքեր կան, նրանց ազատենք պատժի կրումից»,–հավելեց նա։

Լրագրողի հարցին այն մասին, թե ինչու են ինքնավնասման դեպքերի մեծ մասը տեղի ունենում Արմավիր քրեակատարողական հիմնարկում, Գալյանը պատասխանեց.

«Արմավիր քրեակատարողական հիմնարկն ամենամեծ ՔԿՀ–ն է, որտեղ պահվում է անազատության մեջ գտնվող անձանց ամենամեծ մասը»։

Լրագրողի դիտարկանն այն մասին, որ վերջին շրջանում ահազանգեր են ստացվում նաև կալանավորների պահման պայմանների մասին, նախարարը պատասխանեց.

«Կդժվարանամ հիշել մի ժամանակաշրջան, երբ ավելի շատ վերանորոգումներ են կատարվել համապաստախան խցերում, և բարելավվել են պատժի կրման պայմանները քան հիմա։ Նախորդ տարի բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել՝ սկսած շուրջօրյա ջրամատակարարման ապահովումից, ավարտած առանձին խցերի վերանորոգումից։ Վերջին շրջանում մենք զբաղված էինք Արմավիր ՔԿՀ–ի կարանտինային բաժանմունքի վերանորոգման աշխատանքներով։ Աբովյան ՔԿՀ–ն կարելի է ասել գրեթե ամբողջությամբ վերանորոգված է։ Հիմա մենք փորձաքննություն ենք իրականացնում Նուբարաշեն ՔԿՀ–ն փակելու ժամկետների վերաբերյալ։ Մեկ ամսվա ընթացքում վերջնական որոշումը կունենանք, ինչը կնշանակի, որ մենք կունենանք այլընտրանքային ՔԿՀ։ Գուցե կարողանանք այլ հիմնարկ վերանորոգել, մեծացնել, տեղափոխել կալանավորներին»։