Մեր ֆինանսական շուկաները էմբրիոնի մակարդակի ե...

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց վճարահաշարկային կազմակերպությունների քաղաքականությունը և ԿԲ-ի արձագանքը։

Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը հաճախ հպարտանում է վճարային տերմինալներով գործարքների աճով, սակայն իրականում քաղաքացիները բախվում են անհիմն սահմանափակումների և բարձր միջնորդավճարների։

«Եթե երկու-երեք տարի առաջ հնարավոր էր 399 հազար դրամ փոխանցել մեկ գործարքով, հիմա սահմանը դարձրել են 100 հազար։ Մեկ գործարքը բաժանվում է չորս մասի, և միջնորդավճարն էլ գանձվում է չորս անգամ։ Պարոն Գալստյան, հասկանո՞ւմ եք չէ, որ դա պարզ թալան է։ Եվ ինձ հետաքրքիր է կենտրոնական բանկը ինչո՞ւ չի արձագանքում այդ թալանին։ 400,000-ի փոխարեն դարձրել են 100,000, մի գործարքը չորս մասի եք բաժանել, չորս անգամ ավելի շատ միջնորդավճար են գանձում, ինչի՞։ Երբ պարզ է տերմինալը ունեցող մյուս կազմակերպությունները նույն հարցին, նույն դիրքորոշումն են, նույն մոտեցումն են ունենում»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս գործընթացը ոչ թե ֆինանսական համակարգի զարգացման, այլ «մանր ժուլիկությամբ ժողովրդի գռփելու» օրինակ է:

«Ֆինանսական համակարգը պետք է դառնա մրցունակ, առաջարկի բազմազան պրոդուկտներ, մեծացնի միջամտության խորությունը։ Փոխարենը մենք տեսնում ենք սակագների աճ՝ անկախ օգտվողների թվի մեծացումից։ Սա հստակ խնդիր է»,- ասաց նա: