«Բագրատ Սրբազանը և մյուսները բռնադատված են մե...

«Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցները ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ոչ պարտության, ոչ Արցախի կորստի հետ, ոչ էլ այն իրողության հետ, որ մեր սրբազան հայրենիքի հատվածներ ուզում են հանգիստ հանձնել»։ Այս մասին  այսօր՝ օգոստոսի 20-ին, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ քահանա Միրզոյանը։

Լրագրողի հարցին՝ ինչու Բագրատ Սրբազանի գործով նիստին բարձրաստիճան հոգևորականներ չեն մասնակցում ՝ իրենց ֆիզիկական ներկայությամբ նրան աջակցելու համար, և արդյոք մտավախություններ ունեն, որ դիրքորոշում արտահայտելու պարագայում իրենք էլ կկալանավորվեն, Արամ քահանա Միրզոյանը պատասխանեց.

«Ինչ մնում ՝ մտավախություններին՝ «հոգևորական», «եկեղեցի», «վախ» բառերը չեն կարող նույն նախադասության մեջ օգտագործվել, վախենալու հարց չկա»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջանորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։

Մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել դատարանի բակում՝ ի աջակցություն Բագրատ Սրբազանի։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։