Ադրբեջանական իշխանամետ մեդիայում երկարատև հարաբերական դադարից հետո կրկին հայտնվել է Հայաստանի կողմից հնարավոր պատերազմի նախապատրաստության թեման։
Հոկտեմբերի 1-ին իշխանամետ Caliber.az-ը Հայաստանի հաջորդ տարվա ռազմական բյուջեի մասին լուրը հրապարակել է «Երևանը պատրաստվո՞ւմ է պատերազմի» խոսուն վերնագրով։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանի ռազմական բյուջեն նախատեսվում է 563 միլիարդ դրամից հասցնել 616.5 միլիարդի՝ շուրջ 1.7 միլիարդ դոլարի։ Գումարի հիմնական մասը նախատեսված է Զինված ուժերի պահպանման, տեխնիկայի, կապի, սպառազինության և զինամթերքի ձեռքբերման համար։
Հրապարակման մեջ որևէ տեղեկություն չկա Հայաստանի կողմից հարձակման նախապատրաստման, զորքերի տեղաշարժի կամ ռազմական էսկալացիայի մասին։ Այդուհանդերձ, պաշտպանական ծախսերի աճը Caliber-ը ներկայացրել է հնարավոր պատերազմի համատեքստում։
Սա ուշադրության արժանի է հատկապես այն պատճառով, որ վերջին շրջանում Բաքվի հրապարակային հռետորաբանության հիմնական շեշտը խաղաղության գործընթացի, հաղորդակցությունների բացման և տարածաշրջանային համագործակցության վրա էր։ Նախկինում, սակայն, պաշտոնական Բաքուն Հայաստանի սպառազինության գնումներն ու բանակի վերականգնումը բազմիցս կապել է «ռևանշիզմի» և տարածաշրջանում նոր լարվածության վտանգի հետ։
Առայժմ խոսքը մեկ իշխանամետ լրատվամիջոցի հրապարակման մասին է, ոչ թե Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարության։ Սակայն «Երևանը պատրաստվո՞ւմ է պատերազմի» ձևակերպման վերադարձը կարևոր է դիտարկել հետագա ադրբեջանական հռետորաբանության համատեքստում։



