Նիկոլ Փաշինյանն առաջարկել է սահմանափակումներ կիրառել, որպեսզի քաղաքացիները չկարողանան միևնույն հարցի վերաբերյալ անվերջ նամակներ գրել կառավարությանը։
Հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ամեն օր քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ է ստանում, որոնց մի մասն ընդհանրապես հնարավոր չէ լուծել։ Օրինակ՝ բողոքում են Վճռաբեկ դատարանից, խնդրում են շտկել անարդարությունը։
«Հենց այսօր առավոտյան մի դիմում եմ ստացել։ Մի տղամարդ բողոքում է, թե իրենից «պապենական հողն» են խլում։ Հարցնում եմ՝ ի՞նչ փաստաթղթեր ունես այդ հողի համար։ Պարզվեց՝ նա ոչ մի փաստաթուղթ չունի։ Բա այդ դեպքում ինչո՞ւ է «պապենական հող»»,- հարց է տվել Փաշինյանը։
Հողատարածքը, որն այդ տղամարդը «պապենական» է համարում, հանվել է աճուրդի, և նա խնդրում է այնպես անել, որ հաղթողն ինքը ճանաչվի։ «Մենք այնպիսի մեխանիզմներ ենք ստեղծել, որ համայնքային հողերն օտարվեն բացառապես աճուրդներով. կստանա նա, ով առավելագույն գումար կվճարի»,- պարզաբանել է Փաշինյանը՝ լռելով այն մասին, որ, ըստ էության, տարիներ առաջ անցկացված աճուրդի իբր անօրինական լինելու պատրվակով քաղաքացիներից խլում են հողը, որպեսզի նոր աճուրդով այն փոխանցեն այլ անձանց։ «Կամ էլ դիմում են միևնույն ընտանիքի անդամները՝ կենցաղային հարցերով, ժառանգություն են կիսում։ Կառավարությունն ի՞նչ գործ ունի նման դեպքերի հետ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանն առաջարկել է գործընթացն այնպես կազմակերպել, որ նամակները ստացվեն թվային տարբերակով՝ մեկ միասնական կապուղով, և որպեսզի քաղաքացին չկարողանա անվերջ դիմել միևնույն հարցով։ «20, 50 կամ հարյուրավոր անգամներ։ Էլ չեմ խոսում օգնություն խնդրող նամակների մասին։ Չի եղել այնպիսի դեպք, որ քաղաքացին մեկ անգամ դիմի, նրա վիճակն ուսումնասիրելուց հետո օգնեն, ու դրանից հետո նա 10 անգամ էլ չդիմի»,- նշել է Փաշինյանը։



