Մեր ամենակարևոր անելիքը «Ակադեմիական քաղաքն» է, 2025 թվականը առանցքային էր նաև այս մասով՝ որովհետև Ազգային Ժողովը ընդունեց բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին: Այն օրենսդրորեն ամրագրում է «Ակադեմիական քաղաքի» կարգավորումները: Միևնույն ժամանակ՝ նախորդ տարին մեզ համար կարևոր էր «Ակադեմիական քաղաքի» շուրջ նախապատրաստական աշխատանքները իրենց հանգրվանին հասցնելու առումով: Այս մասին այսօր՝ հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Գլխավոր հատակագծի մեր օրենսդրության համապատասխան սահմանված փաթեթը պատրաստված է և ներկայացված է հաստատման: Առաջիկայում կարծում եմ, որ համապատասխան ընթացակարգերով այն կհաստատվի: Մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել տեղում՝ տարածքի մաքրման առումով: Ասեմ, որ Ակադեմիական քաղաքի տարածքում ընթանում են պեղումներ, և պետք է ասեմ, որ առաջին արդյունքները բավականին հետաքրքիր են, և ներշնչում են տպավորություն, որ Ակադեմիական քաղաքում կարող է լինել նաև պատմամշակութային ժառանգության հրաշալի ներկայություն»,- ասել է նա:
Անդրադառնալով «Ակադեմիական քաղաքում» տարվող աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ էական զարգացում են ապրել կատարվող աշխատանքներում և ծրագիրը տանում են առաջ. «Մենք էական զարգացում ենք ապրել այն աշխատանքներում, որոնք բովանդակային առումով ծրագիրը տանում են առաջ: Տարբեր ուղղություններով նախագծերը պրոցեսի մեջ են՝ առաջիկայում կանդրադառնանք ծրագրի ներդրումային բաղադրիչին: Անելիքները բազմաթիվ են, քանի որ մեծ ծավալի օրենսդրական աշխատանք ենք կատարել»:



