Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրա...

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել և կա վիրավոր քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին նշված վայր, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղից «ծնոտի շրջանում հրազենի վիրավորում» ախտորոշմամբ իրենք հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու:

Քրեական և համայնքային ոստիկանությունը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն է: Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմենակ Ա.-ն ժամը 07:00-ի սահմաններում նշված ֆերմայի տարածքում իրեն պատկանող «Байкал» տեսակի որսորդական հրացանով իր կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ Արմենակ Ա.-ն ոչ միայն Արարատի մարզում, այլև Հանրապետությունում հայտնի ջայլամաբուծությամբ զբաղվող անհատ ձեռներեց է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել էին 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել:

Նշված ֆերման վարկով ստեղծել էր Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը նա կրել էր մոտ 4 մլն դրամի վնաս: