Մարդազանգվածի վրա ռեֆորմ չի լինում․ Այլընտրան...

Ազգ-բանակը դնում էր տվյալ տարածաշրջանում էֆեկտիվ պետության վերածվելու խնդիրը։

Բոլոր համակարգերի արագ վերափոխման ունակությունը, ռազմարդյունաբերության գրագետ զարգացման, բանակի՝ որպես խոշոր գործատուի և արդյունաբերության խոշոր պատվիրատուի խնդիրը՝ զինվորական ծառայության գրավչության բարձրացումից մինչև ծառայության տեսակի ընտրության հնարավորություն։

Ազգ-խրամատը, որի առաջին ահազանգը տրվեց կառավարության վերջին նիստում, տապալված բանակցային պրոցեսի, տապալված արտաքին քաղաքականության փոխհատուցումն է մարդկային զանգվածով։ Բարձր տեխնոլոգիական ռազմական գործողությունների պայմաններում խրամատները քաղաքացիական մարդկանցով լցնելը ունենալու է ուղիղ հետևանք՝ զոհերի թվի շեշտակի աճ։

Պաշտպանական ոլորտի մի շարք մասնագետներ այս օրերին արդեն մանրամասն ներկայացրել են այն խնդիրները, որոնք առաջացնելու է այս նախագիծը՝ բարձրացնելով ավելի քան հստակ հարցեր և նշելով մի շարք լուրջ թերություններ։ Կան նաև ածանցյալ խնդիրներ, որոնց

ցանկը նույնպես շատ լայն է.

- Արտագաղթի մեծ ալիք։

- Քաղաքացիական կյանքի էական կազմալուծում. նման պայմաններում ոչ մեկը նույնիսկ միջնաժամկետ ծրագրեր Հայաստանում չի ունենալու

- ՀՀ քաղաքացի, բայց՝ այլ երկրներում ապրող հայերի զանգվածային խուսափելը Հայաստան գալուց

- Ներհասարակական կտրուկ լարվածություն, իշխանության հանդեպ ատելության կտրուկ աճ, անառողջ հարաբերություններ, կոռուպցիոն ծավալուն ռիսկեր

Քաղաքացիական կյանքից 40-50 և ավելի բարձր տարիքի մարդկանց՝ իրենց հիվանդություններով, հոգսերով մեկ ամսով զորահավաքի տանելը բերելու է ոչ մարտական մահերի շեշտակի աճի։ Թե ի՞նչ լարվածություն կառաջացնի սա երկրի ներսում, նկարագրելու կարիք չկա։ Ամենավառ օրինակը Ռուսաստանի մասնակի մոբիլիզացիան է։ Գրեթե ամեն օր հայտարարվում է մոբիլիզացված քաղաքացիական անձանց՝ ոչ մարտական մահերի մասին։ Եթե 140 մլն Ռուսաստանում դա ինչ-որ կերպ մարսվում է, ապա փոքր Հայաստանում դա լինելու է ծայրահեղ լարվածության թեմա։

Բանակի ռեֆորմացիան անխուսափելի է։ Ներկայիս նախարար Ս. Պապիկյանը հանրային որոշակի շրջանակների կողմից ընկալվում է որպես գործող իշխանության՝ համակարգային մտածողություն ունեցող հատուկենտ դեմքերից մեկը։ Վստահաբար՝ նա շատ լավ հասկանում է, որ հնչեցված տարբերակը ոչ մի կապ չունի բանակի իրական ռեֆորմի հետ։ Մարդազանգվածի վրա ռեֆորմ չի լինում։ Բարձր տեխնոլոգիական և պրոֆեսիոնալ բանակների պայմաններում քաղաքացիական անձանց քանակությամբ որևէ լուրջ ռազմական խնդիր չի լուծվելու, իսկ քաղաքացիական կյանքի և պետության թուլացման առումով հետևանքները զգացվելու են շատ արագ։ Վստահ ենք, որ կադրային զինվորականությունն էլ է լավ հասկանում, որ սա ճիշտ տարբերակ չէ։ Կուզեինք հավատալ, որ ՊՆ-ը կվերանայի մոտեցումները, հաշվի կառնի հնչեցված առաջարկությունները և մտահոգությունները։ Կա խնդիր՝ մասնագիտական քննարկման դնել բանակի ռեֆորմացիան, և շատերը պատրաստ են մասնակցել այդ գործին։

Հակառակ դեպքում ունենալու ենք զանգվածային բողոքներ՝ բնական ընդվզում ակնհայտ սխալ գաղափարի դեմ, ինչը քաղաքական իշխանությունը փորձելու է ներկայացնել որպես ընդզվում բանակի դեմ, կամ՝ «հայրենիքը պաշտպանելու ցանկության բացակայություն», ինչն իհարկե այդպես չէ, սակայն կարող է օգտագործվել մանիպուլյատիվ մեդիայի կողմից՝ հերթական անգամ հասարակ մարդկանց մեղադրելու համար։

Գաղափարի՝ այս տեսքով մեկնարկի և անհաջող ընթացքի դեպքում հանրությունը մեղավոր է համարելու ՊՆ-ին, ինչը նույնպես դժվար է լիովին արդարացված համարել։ Ուրեմն պետք է ի սկզբանե գնալ այլ լուծումների, մտածված-հաշվարկված գաղափարների ճանապարհով։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ