Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը վիրավորում...

Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը վիրավորում է ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին կամ մասնագիտական խմբերին: Նա դատավորներին վնգստացողներ էր ասում, դիվանագետներին` օտարի կոշիկ լիզողներ, ընդդիմությանն ասում է բոմժեր, լրագրողներին ֆայլաբազարում կանգնողների հետ է համեմատում, հոգեւորականներին` մանկապիղծ, իսկ կաթողիկոսին պիղծ է անվանում: Գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հիմա էլ ընդդիմադիր ուժերին ընտրողներին է «շուն ու շանգյալ» անվանում: Մինչդեռ նախկինում ինքն ու իր թիմը մեղադրում էին ընդդիմադիրներին` ծաղրում, դատապարտում, թե իշխանական զանգվածին «զոմբի ու ժեխ» են անվանում:

Այս վայրի, անհարգալից խոսույթը, իրականում, հենց իրենք են ներմուծել մեր կյանք: Եվ դա սկսվել է 2018 թվականին, երբ փորձում էին հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում` հալածում ու վիրավորում էին հանրապետականներին, նրանց տան շեմերին դագաղներ էին դնում ու անունները սեւ ժապավենների մեջ առնում: Իսկ ինքը` Փաշինյանը, ԱԺ ամբիոնից սպառնում էր բաց տեքստով, ստիպում, որ իրեն` 7 տոկոսանոց խմբակցության ներկայացուցչին ձայն տան, քանի որ ժողովրդին ինքն է հանել փողոց եւ ինքն է հասել նախագահ Սարգսյանի հրաժարականին: Թվում էր, թե իշխանություն ստանալով՝ Փաշինյանը կխաղաղվի, կփոխի իր լեքսիկոնը, կհասկանա, որ չի կարելի հանրությանը պառակտել, եւ կհորդորի իր էլեկտորատին՝ վերադառնալ բարեկրթության, փոխադարձ հարգանքի դաշտ, բայց նա 8 տարի շարունակ օգտվում է այդ գործիքակազմից` սպառնալով ասֆալտին փռել, պատերին ծեփել, «ընդդիմությանը շինել», կագեբեի պադվալները գցել: Հիմա նույնը շարունակում է, որովհետեւ կարծում է, որ այդ խոսույթն իրեն 8 տարի հաջողություն է բերել, եւ դրանով է կարողացել իր մրցակիցներին զսպել: Վերջը բարին անի: