Մակրոնը կոչ է արել չակնկալել ուկրաինական պատե...

Ուկրաինայում պատերազմը «չի ավարտվի վաղը կամ մյուս օրը», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի զինված ուժերին ուղղված ուղերձում։ Նրա խոսքով, այժմ Արևմուտքի հիմնական խնդիրն է «ապահովել, որ Ուկրաինան ունենա գոյատևելու միջոցներ և ապագա բանակցություններ վարելու կարողություն ուժի դիրքերից»:

Պետության ղեկավարը նաև ընդգծել է Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների կարևորությունը. «Երբ մարտերը դադարեն, անհրաժեշտ կլինի երաշխավորել, որ պատերազմը չի վերադառնա ուկրաինական տարածք»: Այդ միջոցները, նրա կարծիքով, կդառնան ոչ միայն երաշխիք Կիևի համար, այլև ողջ Եվրոպայում կայունության հիմք։ «Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը անհնար է առանց հենց եվրոպացիների և նրանց միջև բանակցությունների», - նշել է Մակրոնը (մեջբերում է BFMTV-ն):

Մակրոնը կարգադրել է վերանայել ազգային պաշտպանության ռազմավարությունը (Revue nationale stratégique) մինչև այս տարվա մայիս։ Այս թարմացումը պետք է սահմանի Ֆրանսիայի «գլոբալ պաշտպանության և վերազինման» հիմքերը: Նախորդ ռազմավարության վերանայումն իրականացվել է 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։

Մակրոնը բազմիցս խոսել է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ Նա առաջին անգամ այդ գաղափարը հնչեցրել է 2024 թվականի փետրվարին, որը եվրոպական երկրներում քննարկումներ է առաջացրել հրադադարի ռեժիմը վերահսկելու համար խաղաղապահ ուժեր ներդնելու վերաբերյալ։

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, նման նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին։ Սակայն Փարիզում Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան բանակը չի մասնակցի խաղաղապահ առաքելությանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցելու և պաշտպանելու գլխավոր դերը պետք է պատկանի Եվրոպային։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ եվրոպական երկրներն արդեն բանակցում են Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի ստեղծման շուրջ՝ հակամարտության դադարեցման կամ սառեցման դեպքում։ Առաքելության կազմում զորքերի նվազագույն թիվը կարող է լինել 40 000: Կոնտինգենտի կորիզը, ենթադրաբար, կազմելու են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի ուժերը։ Սակայն եվրոպական անվտանգության ծառայությունները կարծում են, որ Ուկրաինան նոր ագրեսիայից արդյունավետ պաշտպանելու համար կպահանջվի առնվազն 100 հազար զինվոր։

Հունվարի 15-ին Intelligence Online-ը հայտնել էր, որ Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել «Պերսեուս» ծածկանունով։ Զորավարժությունների շրջանակում մշակվել է Բելառուսի տարածքից ռուսական հնարավոր ճեղքումին հակազդելու համար Ուկրաինա զորք տեղակայելու սցենար։ Զորավարժությունը, որին մասնակցել են բանակի հատուկ գործողությունների թիմեր (CAST), տևել են 10 օր և տեղի են ունեցել 2024 թվականի աշնանը։