Ես զարմանում եմ՝ ինչի պայքար չեն սկսում, որ տրանսպորտը ընդհանրապես լինի ձրի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ բողոքին:
«Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ. այն պայքարը, որը որ ես ժամանակին իրականացրել եմ, իրականացրել եմ ջարդված, առանց օդորակիչի մահվան «Գազելների», ծխող վարորդների, իրար մեջ խցկված տրանսպորտի դեմ: Այսօր վճարել 100 դրամ ավտոբուսի համար, որտեղ կա Wi-Fi, օդորակիչ, սպիտակ վերնաշապիկով վարորդ, որին մի հատ նկարում են, ասում են՝ ոնց որ հեռախոսի մեջ է, գործից ազատում են: Դա համակարգ է, որ որ պետք է ձևակերպվի, որ որ պետք է հղկվի, որևիցե երկրում միանգամից այսպես գավազանը գետնին խփելով ամեն ինչ չի կայացել: Ես համարում եմ, որ դա կեղծ, դեմագոգիկ օրակարգ է, նման օրակարգ չկա, չի կարող ևս 3000 տարի տրանսպորտի գինը լինի 100 դրամ, հետո գլուխ գովանք, ասենք՝ մենք առաջին ժողովուրդն ենք, որ 3050 տարի է, տրանսպորտը մեր մոտ 100 դրամ է:
Հայաստանում չկա որևիցե բան, որ արժի 100 դրամ: Անգամ մի բաժակ սև սուրճը 100 դրամ չարժի: Այո, համակարգ է ներդրվում, կան խնդիրներ: Միգուցե թուղթը լավը չի, միգուցե ինչ-որ մեկը դեռ չի կարողանում վճարել, բոլոր բարեփոխումները այս ձևով են լինում: Որևիցե բարեփոխում ուրախությունով որևիցե երկրում, նաև Հայաստանում չի ընդունվել և չի ընդունվելու։ Եթե մենք այդ համակարգը չներդնենք, մենք վերադառնալու ենք այն գազելներին, որ իրար վրա խցկված գնում էինք: Ասել, որ 20 տարի առաջ 100 դրամը ու այսօրվա 100 դրամը նույն բանն է՝ աբսուրդ է»,-ասաց ԱԺ նախագահը՝ նկատելով, որ այս փոփոխության դեմ բողքոք կազմակերպողների մեծ մասը ավտոբուսով չի էլ երթևեկում։
«Բոլորն էլ լավ հասկանում են, որ լավ ապրանքի համար պետք է բարձր վճարես, վատ ապրանքի համար պետք է վատ վճարես: Համեմատել ավտոբուսը մեռած «Գազելի» հետ, համեմատել ծխող, անթրաշ վարորդին հիմիկվա չծխող վարորդների հետ, ճիշտ չէ: Եթե դու ուզում ես պպզած երթևեկես, դա այլ խոսակցություն է, խնդիր չկա, դա ընտրության հարց է»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ մետրոյից օգտվել է, իսկ ավտոբուսից դեռ չի օգտվել:
Դիտարկմանը, որ Պրահայում ուղեվարձն ավելի էժան է, քան մեզ մոտ կլինի փետրվարի 1-ից, ԱԺ նախագահն ասաց. «Պրահայի օրինակը բերելուց հլը մի հատ նայեք Պրահայում ապրող մարդու հարկային բեռը ու Հայաստանում ապրող մարդու հարկային բեռը: Ինչ վերաբերում է տրանսպորտների գներին, խնդրում եմ, եկեք հլը մի հատ համեմատենք, այդ որ երկրներում ինչ գին է դրած: Մի քանի բռնապետական երկիր կա, որը պետական սուբսիդավորումով է արվում, և հիմնականում 100 դրամից բարձր է: Նորից ասեմ՝ չես կարող կեղտոտ, ջարդված, գազի վրա տրաքող, «Գազելի» մեջ պպզած երթևեկելու համար տաս 100 դրամ, իսկ սպիտակ, չծխող վարորդով, մաքուր նստատեղով, Վայֆայով, զարադշնիկով, մի քիչ ուշացող, ավտոբուսով երթևեկելու համար նույնպես 100 դրամ»: