Օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին փոքր դանակի համա...

Այսօր Ազգային ժողովի անցակետում միջադեպ է գրանցվել: Newday.am-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը, երբ փորձել է անցնել ԱԺ-ի անցակետը, նրա մոտ հայտնաբերվել է դանակ:

ՊՊԾ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ԱԺ մուտք գործել փորձող անձանց մեկի մոտ հայտնաբերվել է դանակ և համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները նշված անձին ձերբակալել են և տեղափոխել բաժին:

Նշենք, որ օպերատորին ձեռնաշղթաներով են տեղափոխել բաժին: Արդեն Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում Ջանիբեկի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իր համար անհասկանալի էր ձեռնաշղթաներով ձերբակալելու փաստը: Ըստ փաստաբանի դա կարող էր չլիներ:

Փաստաբանը հավելել է, որ Ջանիբեկին 1-1.5 ժամից կարող են բաց թողնել, իսկ ամբողջ ընթացքը կտևի 1.5 ամիս, հնարավոր է տուգանք սահմանվի: Մելքիյանը նաև նշել է, որ գուցե փորձաքննությամբ պարզվի, որ այդ դանակը սառը զենք չի համարվում:

Newday.am կայքի խմբագիր Անի Գևորգյանը նշել է, որ այլ պետական կառույցներ մուտք գործելու ժամանակ էլ այդ դանակը ուղղակի վերցրել են ու դրել պահպանվող պահարանում ու ներս թողել օպերատորին: