ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Մերձավոր Արևելքում լա...

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է առաջնահերթություն տա Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հակամարտությունների կանխմանը։

«Պատերազմը դադարեցնելը և լայնածավալ տարածաշրջանային հակամարտությունը կանխելը բացարձակ և հրատապ առաջնահերթություն է»,- ասել է Թյուրքը՝ Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 57-րդ նստաշրջանի բացմանը։ «Նույն կերպ, - նշել է նա, - Օկուպացված Պաղեստինի տարածքներում օրենքի գերակայության բացակայության ավելի լայն իրավիճակը, որը բխում է Իսրայելի քաղաքականությունից և գործելակերպից, պետք է ամբողջությամբ լուծվի, ինչպես հստակ նշված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հուլիսին իր խորհրդատվական եզրակացության մեջ»։։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հիշեցրել է օկուպացված տարածքներում էսկալացիայի սարսափելի հետեւանքների մասին։ «Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից ի վեր Իսրայելում ավելի քան 1200 մարդ է զոհվել, իսրայելական զորքերի կողմից ավելի քան 40 հազար պաղեստինցի է սպանվել, մի քանի հազարը վիրավորվել է, իսկ Գազայի հատվածում հազարավոր մարդիկ մնացել են փլատակների տակ»,- ասել է Թյուրքը։

Մոտ 1,9 միլիոն մարդ «բռնի տեղահանվել է»։ 11 ամիս անց Գազայի հատվածում դեռևս պահվում են 101 իսրայելցի պատանդներ։ Մոտ 10,000 պաղեստինցիներ պահվում են Իսրայելի բանտերում կամ հատուկ ռազմական հաստատություններում, նրանցից շատերը՝ կամայականորեն, ավելի քան 50-ը «մահացել են անմարդկային պայմանների և դաժան վերաբերմունքի պատճառով»: