
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թվականին արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը նշեց, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի ընթացքում տարված աշխատանքների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է 2018 թվականի ցուցանիշները 141 տոկոսով (177 իրավախախտում 2018 թվականին) և 2019 թվականի ցուցանիշները 112 տոկոսով (202 իրավախախտում 2019 թվականին):
Հայտնաբերված 426 դեպքից` 296-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ: Վարդան Վարդանյանի խոսքով, համադրելով վերջին երեք տարիների ցուցանիշները` ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թվականի բացահայտումների ցուցանիշը լավագույնն է վերջին 10 տարիների ընթացքում:
«Համավարակով պայմանավորված նոր միտում ի հայտ եկավ: Ինչպես գիտեք, համավարակի հետ կապված՝ սահմանները փակվեցին և կտրուկ աճեցին փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով, ընդհակառակը, նվազել է»,-ասաց Վարդան Վարդանյանը:
2020 թվականին Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 240 դեպք, որը կազմում է թմրամիջոցների ընդհանուր դեպքերի 82 տոկոսը: Փոստային առաքանիներով ներմուծված թմրամիջոցների շուրջ 60 տոկոսն ուղարկվել է ԱՄՆ-ից (145 դեպք), ավելի քան 22 տոկոսը՝ Ֆրանսիայից (55 դեպք): ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել հիմնականում հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային սիգարետներ և մուշտուկներ, մարիխուանա, մեթամֆետամին, ինչպես նաև թմրանյութերի և հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղամիջոցներ, իսկ Ֆրանսիայից գերազանցապես թմրանյութերի և հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղամիջոցներ:
«Հիշատակման է արժանի «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում Մեքսիկայից ներմուծված առաքանու ստվարաթղթե արկղի 3 կողային պատերի մեջ «ԼՍԴ» տեսակի թմրանյութի պարունակությամբ 1000 բլոտտերի հայտնաբերման դեպքը, ինչը աննախադեպ քանակ է Հայաստանի համար»,- ասաց Վարդան Վարդանյանը:
2020 թվականի հոկտեմբերին Գերմանիայից ներմուծված մի ծանրոցում էլ մաքսայինի աշխատակիցների կողմից հայտնաբերվեցին նաև «ՄԴՄԱ» տեսակի թմրանյութ պարունակող 505 հատ ամբողջական և 11 հատ մասնատված դեղահաբեր, որոնք հանրությանն ավելի հայտնի են «Էքսթզի» անվանումով:
Վարդան Վարդանյանի խոսքով, ինչ վերաբերում է Իրանից թմրամիջոցների ներմուծմանը, ապա առկա է թմրամիջոցների ապօրինի ներմուծման թվաքանակի օբյեկտիվ նվազում, ինչը պայմանավորված է 2020 թ. փետրվարի վերջից համավարակի պատճառով ուղևորների և հետիոտների համար հայ-իրանական սահմանի փակման հետ: Այդուհանդերձ բացահայտվել է Իրանից հայկական շուկայի համար թմրամիջոցների ներմուծման 6 դեպք (37 դեպք 2019 թվականին)` մեծ մասամբ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին, հերոին տեսակի թմրանութեր: