Կորեայի Հանրապետության նախագահի աշխատանքի հավ...

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի գործունեությանը կողմ է արտահայտվել քաղաքացիների 45,9%-ը՝ գրանցելով 2025 թվականի հունիսին տեղի ունեցած երդմնակալությունից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Այս մասին են վկայում Realmeter սոցիոլոգիական բյուրոյի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները։

«Դրական գնահատականն արդեն երեք շաբաթ անընդմեջ շարունակում է նվազել՝ հասնելով նոր նվազագույն ռեկորդի։ Միևնույն ժամանակ, բացասական ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 50%-ը։ Երդմնակալության պահից ի վեր առաջին անգամն է, երբ բացասական գնահատականը դրականին գերազանցում է 4,6%-ով․ սա գերազանցում է 2 տոկոսային կետ կազմող հնարավոր սխալանքի սահմանը»,- նշված է զեկույցում։

Դժգոհողների թիվը կազմել է 50,5%, ինչը 1 տոկոսային կետով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Իսկ Լի Չժե Մյոնի աշխատանքը դրական գնահատողների մասնաբաժինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 0,4%-ով։ Հարցվածների 3,5%-ը դժվարացել է պատասխանել։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ողջ հանրապետությունում 18 տարեկանից բարձր 2,508 քաղաքացիների շրջանում։

«Թեև դիվանագիտական այցերի ընթացքում այլ երկրների ղեկավարների հետ բանակցությունները արդյունավետ են եղել, այդուհանդերձ, վարկանիշի անկումը շարունակվել է պետական ու տնտեսական խնդիրների լրատվական բացասական լուսաբանման պատճառով։ Դրանց թվում են ֆոնդային շուկայի տնտեսական անկայունությունը, անշարժ գույքի հարկերը, նախագահին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություն տվող բարեփոխումների քննարկումը, ինչպես նաև դատախազությանը քննչական իրավունքից զրկելու մասին օրինագիծը»,- ընդգծում է Realmeter-ը։

Կորեայի Հանրապետության Սահմանադրությամբ նախագահի համար նախատեսված է միայն մեկ՝ հինգ տարի ժամկետով պաշտոնավարում։ Վերջին տարիներին քննարկվում է այն բարեփոխումը, որը թույլ կտա ընտրվել երկու անգամ՝ 4-ական տարի ժամկետով։ Նախորդ շաբաթ խորհրդարանի խոսնակ Չո Չժոն Սիկը, ով համարվում է նախագահի թիմակիցը, հայտարարել էր, որ ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք պետք է հաստատել այն սահմանադրական փոփոխությունները, որոնք գործող ղեկավարին նորից թեկնածությունն առաջադրելու հնարավորություն կտան։ Ավելի վաղ ինքը՝ Լի Չժե Մյոնը, նշել էր, որ Սահմանադրությունն արգելում է գործող նախագահին օգտվել պաշտոնավարման ժամկետին վերաբերող փոփոխություններից։