
Առնվազն 12 մարդ է զոհվել Կոլումբիայի Անտիոքիա դեպարտամենտում և 6 մարդ՝ Սանտյագո դե Կալի քաղաքում տարբեր ապստամբների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի իշխանությունների ներկայացրած տվյալները:
«Կալիի առողջապահության նախարարությունը հաղորդում է 65 տուժածի և վեց զոհվածի մասին», - ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մերձակայքում ահաբեկչությունը կատարվել է օգոստոսի 21-ին՝ ականապատված բեռնատարի օգտագործմամբ. ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհի և 36 վիրավորի մասին։
Ապստամբների մյուս հարձակումը կատարվել է Անտիոքիա դեպարտամենտում, որտեղ ոստիկանական ուղղաթիռ է խոցվել։ Ազգային ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 12 սպա, ևս չորսը վնասվածքներ են ստացել։
Այս ահաբեկչություններից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ կդիմի Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել մարդկության դեմ կատարված հնարավոր հանցագործությունները, որոնք «Իվան Մորդիսկո», «Երկրորդ Մարկետալիա» և «Ծոցի կլան» զինված խմբավորումների կողմից իրականացվել են իր կառավարումից առաջ և դրա ընթացքում։ Նա կոչ է արել նրանց ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ և հետապնդել աշխարհի ցանկացած կետում։
Կոլումբիան ավելի քան կես դար զինված հակամարտության մեջ է գտնվում տարբեր ռազմականացված կազմակերպությունների հետ: Այս ընթացքում զոհվել է ավելի քան 260 000 մարդ, միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: