Ճանապարհային խախտումների համար գործող տուգանքներն ու տուգանային միավորների համակարգը շատ դեպքերում բավարար զսպող ազդեցություն չեն ունենում, ուստի նախատեսվում են ավելի խիստ մոտեցումներ։ Զուգահեռաբար առաջարկվում է վարորդական քննությանը մասնակցելուց առաջ ուսուցումը դարձնել պարտադիր։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ ճանապարհային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է փոխել նաև վարորդների վարքագիծը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում անվտանգ վարելու մշակույթը դեռ ձևավորված չէ։
«Մենք օրենսդրական նախաձեռնություն ունենք, որ մինչև վարորդական քննությանը մասնակցելը պարտադիր լինի կրթական գործընթացը։ Ինչո՞ւ․ որովհետև մենք, ես ցավով եմ արձանագրում, անվտանգ վարման մշակույթ Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Բոլորս վարում ենք այնպես, ինչպես մեզ է հարմար կամ այդ պահին կարող ենք գործընթացն արագ կազմակերպել»,-ասել է Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է, որ պարեկային ծառայության կողմից արձանագրվող խախտումների և վարչարարության աճը միաժամանակ բացասական ազդակ է․ նպատակը տուգանքների թվով արդյունք ցույց տալը չէ։
«Մեր խնդիրը չէ տուգանելը և պարծենալը, օրինակ, որ մենք ավելի շատ ենք վարչարարություն արել։ Մեր խնդիրն է արձանագրել, որ վարորդները փոխել են իրենց վարքագիծը դրա արդյունքում։ Սա է պատճառը, որ նաև որոշակի խստացումներ ենք նախատեսում, որովհետև տեսնում ենք, որ առկա տուգանքների, բալային միավորների համակարգը շատ հաճախ զսպող դեր, այդուհանդերձ, չի կատարում, և կարիք ունենք ավելի խիստ մոտեցումների»,-հայտարարել է Արփինե Սարգսյանը։



