Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ անձանց, նրանց հետ առանձնազրույցներ ունեցել։
Այս մասին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Համաձայն մեր կազմակերպության ընթացակարգերի և ձևաչափի՝ մեր թիմի անդամները առանձնազրույցների ձևաչափով զրուցել են պահվող անձանցից յուրաքանչյուրի հետ՝ բնականաբար, նպատակ ունենալով գնահատել պահման պայմանները, առողջական վիճակը և նրանց հանդեպ վերաբերմունքը»,-նշեց Զառա Ամատունին:
Հաշվի առնելով, որ ԿԽՄԿ-ն Բաքվում այլևս ներկայացուցչություն չունի՝ այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևից՝ կազմակերպության գլխամասից։
«ԿԽՄԿ-ն պատրաստակամ է այս ուղղությամբ շարունակական աշխատանք կատարել»,-ընդգծեց Ամատունին։
Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ մյուսներն ապօրինի մեղադրանքներով ձերբակալվել են 2023 թվականին։ Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ ընթանում է շինծու դատական գործընթաց։ 23 անձից մի քանիսի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, դատախազները հանդես են եկել մեղադրական ճառերով։



