Կիսանախագահական մոդել, իսկ վատ աշխատող պատգամ...

Գործող սահմանադրական կարգավորումները Հայաստանում փաստացի ձևավորել են սուպերվարչապետական կառավարման համակարգ, որտեղ գործադիր իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում՝ առանց արդյունավետ հակակշիռների և իրական քաղաքական պատասխանատվության մեխանիզմների։ Խորհրդարանական կառավարման մոդելը, որը տեսականորեն պետք է ապահովեր կոլեգիալ կառավարում և վերահսկողություն, գործնականում հանգեցրել է վարչապետի գրեթե անսահման իշխանության՝ պայմանավորված կուսակցական մեծամասնության լիակատար ենթարկվածությամբ։

Այս մոդելի պայմաններում Ազգային ժողովը հաճախ գործում է ոչ թե որպես անկախ օրենսդիր մարմին, այլ որպես գործադիր իշխանության քաղաքական հավելում։ Արդյունքում թուլացել են թե՛ իշխանությունների փոխզսպման ինստիտուտները, թե՛ անհատական քաղաքական պատասխանատվությունը, ինչը խորացրել է կառավարման ճգնաժամային բնույթը։

Այս համատեքստում քաղաքական դաշտում առաջարկվում են համակարգային այլընտրանքներ։ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը հանդես է գալիս կիսանախագահական կառավարման մոդելի վերադարձի առաջարկով՝ այն դիտարկելով որպես հակակշիռների և իշխանության բաշխման վերականգնման միջոց։ Նախաձեռնության մոտեցմամբ՝ կիսանախագահական համակարգը կարող է սահմանափակել մեկ կենտրոնում իշխանության կուտակումը և բարձրացնել քաղաքական պատասխանատվության մակարդակը։

Նախաձեռնության առաջնորդ Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ կառավարման մոդելի փոփոխությունը պետք է ուղեկցվի նաև օրենսդիր իշխանության վերահսկելիության բարձրացմամբ։ Այդ նպատակով առաջարկվում է ներդնել պատգամավորների հետկանչման ինստիտուտը՝ որպես հանրային վերահսկողության գործիք։ Մեխանիզմը նախատեսում է պատգամավորների գործունեության գնահատման համակարգ, որի պահանջներին չբավարարելու դեպքում հնարավոր կլինի մանդատի դադարեցում։

Առաջարկվում է ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ ձևավորված հասարակության տարբեր շերտերի կողմից ընտրված հեղինակավոր անձանցից, ինչը կոչված է ապահովելու վերահսկողության անկախությունն ու լեգիտիմությունը։

Ընդհանուր առմամբ, ներկայացված առաջարկները միտված են ոչ միայն կառավարման ձևի փոփոխությանը, այլ սուպերվարչապետական համակարգի հաղթահարմանը՝ քաղաքական պատասխանատվության, վերահսկողության և ինստիտուցիոնալ հավասարակշռության վերականգնման միջոցով։