Պետք է աջակցենք Հայաստանի դիմակայունությանը․...

Եվրոպական միությունը Ռուսաստանի տնտեսական ճնշումների ֆոնին պետք է աջակցի Հայաստանի դիմակայունությանը։ 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մանրամասներ ներկայացնելով Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումներից։

«Մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանն ավելացնում Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ նրա ընտրած ուղին փոխելու համար։ Այդ իսկ պատճառով մենք պետք է աջակցենք Հայաստանի դիմակայունությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կայա Կալասը։ 

ԵՄ բաձր ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումներ են գնում այն մասին, թե Եվրոպական միությունն ինչպես կարող է ավելին անել՝ Երևանին օգնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկմանը։ Միրզոյանը նաև հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ընտրությունների արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա մեծամասնություն և կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։