Այս ընտրությունները միայն իշխանության ստացած վատ արդյունքների կամ հանրության մեծամասնության աջակցությունը չստանալու մասին չէին։ Դրանք նաև յուրատեսակ քաղաքական չափիչ դարձան՝ ցույց տալու համար, թե հանրությունը որքանով է ընդունում կամ մերժում այն ուժերին ու խմբերին, որոնք վերջին տարիներին փորձել են բարձր աղմուկի, տեղեկատվական ճնշման և քաղաքական դաշտի մշտական պղտորման միջոցով ազդեցություն պահպանել։ Ընտրողների քվեն ցույց տվեց, որ հանրային վստահությունը չի ձևավորվում միայն մեդիա ակտիվությամբ կամ քաղաքական տեխնոլոգիաներով։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության արժանի է Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի քաղաքական շրջանակի արդյունքը։ Վերջիններս, ըստ բազմաթիվ գնահատականների, իրենց ամբողջ ռեսուրսներ էին կենտրոնացրել նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի քաղաքական առաջխաղացման համար։ Գործի էին դրվել ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ և մեդիա հարթակներ։ Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ ջանքերը չվերածվեցին լայն հանրային աջակցության։ Ստացված ձայների քանակը մնաց համեստ մակարդակում և ակնհայտորեն չարդարացրեց ներդրված քաղաքական ու կազմակերպչական ռեսուրսները։ Մինասյանն ու Սարգսյանը խայտառակվեցին։
Արդյունքում կարելի է արձանագրել, որ ընտրողը բավական հստակ քաղաքական ուղերձ է հղել։ Տարիներ շարունակ հանրային օրակարգը ձևավորելու հավակնություն ունեցող այս շրջանակը չկարողացավ վերածել իր տեղեկատվական և ֆինանսական հնարավորությունները իրական քաղաքական կապիտալի։ Եթե այս ընտրություններից որևէ շոշափելի ձեռքբերում կարելի է առանձնացնել, ապա դա պետական ֆինանսավորման իրավունքն է՝ տարեկան 30 մլն դրամից ավելի, որը կուսակցություններին տրամադրվում է օրենքով սահմանված կարգով։ Իսկ քաղաքական առումով ընտրությունների գլխավոր հետևությունը մեկն է․ բարձր աղմուկը դեռևս չի նշանակում բարձր աջակցություն, իսկ մեդիա ներկայությունը դեռևս չի հավասարվում հանրային վստահությանը։



