ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, շուրջ երեք ժամ բանակցություններ են անցկացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունները գնահատել է «շատ լավ» և հայտարարել, որ կողմերի միջև համաձայնության հասնելու հնարավորություն է տեսնում։
Ամերիկյան կողմից գործընթացին մասնակցել են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Ուիթքոֆը հետագայում պարզաբանել է, որ բանակցություններն իրականացվել են միջնորդների միջոցով, որոնք հաղորդակցվել են ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև։
Իրանական կողմը հաստատել է բանակցությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին միջնորդների միջոցով ներկայացրել է Թեհրանի պայմանները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ։
Իրանը պահանջում է թուլացնել ամերիկյան ռազմական ճնշումը, վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը և ազատել սառեցված իրանական ակտիվները։ Թեհրանը հայտարարել է, որ այդ պայմանների կատարման դեպքում պատրաստ է քննարկել Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացումը։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները շարունակվելու են, և նոր հանդիպում կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Միաժամանակ արաբական երկրները փորձում են Նյու Յորքում հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի բարձր մակարդակի հանդիպման կազմակերպմանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն արդեն ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը բաց է նաև Փեզեշքիանի հետ հանդիպման համար, սակայն նման հանդիպում այս պահին պաշտոնապես նախատեսված չէ։



