Երեկ՝ հուլիսի 11-ին, ողջ հանրապետությունում 13:00-ից սկսած՝ հոսանքազրկումներ էին: Խափանումներով էին աշխատում նաև հեռախոսակապը, ինտերնետը և գազը: Հոսանքազրկումների հետևանքով խափանվել էր նաև մետրոպոլիտենի աշխատանքը, և շուրջ 12 հազար քաղաքացի տարհանվել էր: Երեկոյան, արդեն, խնդիրը լուծվեց, բայց տարատեսակ ենթադրություններն ու կարծիքները, թ ինչի հետ կարող էր կապված լինել այդ վիճակը, դեռ շարունակվում են: Politik.am-ն այս մասին լսել է էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի տեսակետը:
«Խնդիրը տեխնածին էր, բայց թե որն է դրա իրական պատճառը, կարող է ասել միայն կառավարությունը, քանի որ միայն վերջինս է տիրապետում սխեմային ու կառավարման համակարգին: Կարող ենք ասել, որ խնդիրը բավականին արդյունավետ ձևով կարողացան լուծել,-ասաց նա՝ ընդգծելով,-այլ բան է, որ այս խնդիրը չէր առաջանա, եթե Հայաստանում էներգահամակագը կարողանային պատշաճ ձևով կառավարել: Իմ խորին համոզմամբ՝ էներգետիկայի նախարարության լուծարումը այս բնագավառում բերել է լուրջ խնդիրների, և պետությունը կառավարման, դրա ամենօրյա մոնիթորինգի և իրավիճակի վերլուծության առումով խնդիրներ ունի: Եթե չարվեն հետևություններ, շատ հնարավոր է, որ այս իրավիճակը կրկնվի»:
Փորձագետը նշում է, որ թեև նախարարության որոշ գործառույթներ տրվել են Տարածքային կառավարման նախարարությանը, բայց եթե դատենք երեկվա իրավիճակից, կարող ենք ասել, որ դրանք այնքան էլ պատշատ չեն կատարվում, քանի որ նման իրավիճակը կանխատեսելի է: «Իմ կարծիքով՝ շրջանառվող այն տեսակետը, թե աղբյուրը Իրանն էր, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, ավելի շուտ՝ աղբյուրը հենց Հայաստանում էր: Շատ հնարավոր է՝ ամառային շոգն և էլեկտրաէներգիայի կտրուկ սպառման բարձրացումը նպաստեցին իրավիճակին, քանի որ նաև ատոմակայանն էր անջատված ընդհանուր համակարգից, երկու ջէկ-երն էին աշխատում, արդյունքում՝ հզորությունները չբավարարեցին սպառումը բավարարելու համար, ինչն էլ հանգեցրեց այս ճգնաժամին»,-նշեց Մանվելյանը:
Վերջինիս խոսքով՝ էներգետիկ ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը նաև ներդրումների պակասն է.«Ոլորտն ամենօրյա ներդրումներ է պահանջում, և եթե դրանք չլինեն, և համակարգը չբարելավվի, մենք անընդհատ նմանատիպ խնդիրներ կունենանք»:
Ամփոփելով՝ փորձագետը նշեց հիմնական քայլը, որը պետք է հաջորդի այս իրավիճակին.«Ունենք խնդիր՝ կառավարումը բարելավելու, ամենօրյա մոնիթորինգ իրականացնելու, ընդհանուր արդյունքների վերլուծության և ըստ դրանց էլ՝ կառավարման որոշակի խնդիրները լուծելու համար»:



